ՀՀ նախագահն ԱՄԷ պետնախարարի հետ քննարկել է գիտության, տիեզերագիտության ոլորտներում գործակցությունը

ՀՀ նախագահն ԱՄԷ պետնախարարի հետ քննարկել է գիտության, տիեզերագիտության ոլորտներում գործակցությունը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում ԱՄԷ առաջատար տեխնոլոգիաների և գիտության հարցերով պետական նախարար Սառա Ալ Ամիրիի հետ քննարկել է գիտության, տեխնոլոգիաների, ինչպես նաև տիեզերագիտության ոլորտներում համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Նախարարը նաև ԱՄԷ տիեզերական գործակալության և ԱՄԷ գիտնականների խորհրդի նախագահն է, նա համակարգում է նաև ԱՄԷ տնտեսության զարգացման մեջ գիտության և առաջատար տեխնոլոգիաների ներդրման հարցերը:

Նախարար Ալ Ամիրին ներկայացրել է հիմնարար գիտությունների, տիեզերագիտության ոլորտներում Միացյալ Էմիրությունների կողմից իրականացվող աշխատանքները, մասնավորապես անդրադարձել ԱՄԷ-ի «Հույսի զոնդ» արբանյակի պատմական ճանապարհորդությանը դեպի Մարս։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նման հավակնոտ ծրագրերը ներդրում են ոչ միայն հանուն ապագայի, այլև երիտասարդների համար գիտությամբ զբաղվելու ոգեշնչման աղբյուր են: Նախագահ Սարգսյանը ԱՄԷ պետնախարարին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերին Հայաստանում նախատեսվող՝ գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնին, որի նպատակներից մեկը նույնպես երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաներ, դեպի ապագա ուղղորդելն է:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ևս մեծ նշանակություն է տալիս գիտության և տեխնոլոգիաների ոլորտներին՝ դրանք առաջնային համարելով մեր երկրի ապագայի տեսանկյունից։ Այս համատեքստում Սարգսյանը խոսել է գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության և դրա շրջանակներում հնարավոր փոխգործակցության մասին։

Անդրադարձ է եղել նաև երիտասարդ գիտնականների փոխանակման ծրագրերի և համատեղ հետազոտությունների իրականացման հնարավորություններին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---