31 մարտի 2009 - 12:34 AMT
ԱՄՆ-ում մեկնարկել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հերթական քարոզարշավը
Ապրիլի 24-ի շեմին Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) օնլայն եւ մամուլում մի քարոզարշավ է սկսել, որով կոչ է անում կոնկրետ միջոցներ ձեռնարկել Դարֆուրում ցեղասպանությունը կասեցնելու եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ANCA-ի մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: ANCA-ի «Fierce Urgency of Now» քարոզարշավը կոչ է անում այցելել www.anca.org/change կայք, որտեղ նրանք կարող են տեղեկություններ ստանալ Դարֆուրում ստեղծված իրավիճակի եւ այն մասին, թե ինչպես Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանսությունից հետո աշխարհում սկսվեց ցեղասպանությունների շրջանը: Այդ կայքէջի օգնությամբ մարդիկ կարող են դիմել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ պահանջել կոնկրետ միջոցներ ձեռնարկել Դարֆուրի ցեղասպանության կասեցման համար: Կայքի այցելուները կարող են նաեւ կոչ անել ԱՄՆ վարչակազմին ու Կոնգրեսին ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու վերջակետ դնել ԱՄՆ-ի մասնակցությանը Հայոց ցեղասպանության ուրացման թուրքական քաղաքականությանը:
Բացի այդ, ANCA-ի նախաձեռնությամբ The Politico and Roll Call թերթի նախաձեռնությամբ մեծ հոդված եւ ինֆո-գծանկար է հրապարակվել, որտեղ պատկերված են Հայոց ցեղասպանությունից եւ Դարֆուրի ցեղասպանությունից փրկված երեխաները: Գծանկարի մոտ տպագրվել է նաեւ 2008թ. հունվարին, նախընտրական արշավի ընթացքում արված Բարաք Օբամայի խոստումը:
«Ցավոք, այսօր աշխարհում շարունակվում են ցեղասպանություններն, որոնք սպառնում են մեր ընդհանուր անվտանգությանը: Մենք դարձանք Սուդանում անմարդկային գործողությունների եւ զանգվածային սպանությունների վկաները: Նման բան է կատարվել նաեւ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ: ԱՄՆ-ն արժանի է այնպիսի առաջնորդի, որը կարող է բացահայտ խոսել Հայոց ցեղասպանության մասին եւ կարձագանքի աշխարհի բոլոր ցեղասպանություններին: Ես մտադիր եմ դառնալ այդպիսի առաջնորդ»,-2008թ. հունվարին հայտարարել է Բարաք Օբաման: