ԼՂՀ ճանաչումը չի կարող տարածաշրջանում հանգեցնել նոր պատերազմի

PanARMENIAN.Net - «Մենք կտրականապես համաձայն չենք այն պնդմանը, թե նոր պատերազմի կարող է հանգեցնել, այդ թվում Լեռնային Ղարաբաղի` որպես անկախ պետության ճանաչումը: Նոր պատերազմի կարող է հասցնել նաեւ համաշխարհային քաղաքականության կենտրոնների հանդուրժողական վերաբերմունքը պատերազմ հրահրողի նկատմամբ, ինչը ստեղծում է մի պարադոքսալ իրավիճակ, երբ պաշտոնական Բաքվի կողմից խաղաղության հասցեին հնչող անմիջական սպառնալիքներն, ըստ էության, շոշափելի քաղաքական եւ իրավական պատասխանատվություն չեն առաջացնում: Այդօրինակ քաղաքականությունը կամրապնդի լոկ Ադրբեջանի վերնախավի համոզմունքը իր անպատժելիության հարցում, ինչն էլ տարածաշրջանի խաղաղության հիմնական սպառնալիքն է»,- հայտնել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը:



Նա հիշեցրել է, որ ժամանակին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային ոչ պակաս չափով նպաստեց այն, որ 1991-92թթ. միջազգային հանրությունը ճանաչել է Ադրբեջանի անկախության իրավունքը եւ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի նույնպիսի իրավունքը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը կազմավորվել են նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ից`համընդհանուր իրավական նորմերով: Այդ քաղաքականության շարունակումը եւ հատկապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման ցանկացած հակազդեցություն լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը, քանի որ Ադրբեջանի մոտ այնպիսի թյուր կարծիք է ձեւավորվում, թե նոր ռազմական արկածախնդրությունը կարող է անպատիժ մնալ: Այս առումով կարեւոր ենք համարում ընդգծել, որ համաշխարհային քաղաքականության կենտրոնների հրաժարումը կողմերի գործողությունների հանդեպ «հավասարության մոտեցման» բանաձեւից` թույլ կտա ոչ միայն ամրապնդել մեր վստահությունը իրավիճակը արդարացի եւ անաչառ գնահատելու նրանց ընդունակության մեջ, այլ նաեւ կդառնա բանակցային գործընթացի առաջխաղացման գրավական»,- ընդգծել է Պետրոսյանը, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---