Սիմոնյանը՝ ԱՊՀ նիստում․ ԼՂ-ում վիճակը շատ լարված է, Ադրբեջանին առաջարկում ենք անհապաղ սկսել բանակցել29 մարտի 2022 - 13:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, այն որակել է որպես շատ լարված և հայտարարել է, որ հայկական կողմը, հաստատելով իր դիրքորոշումը, առաջարկում է Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ։ Ներկաների ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակին՝ Ալեն Սիմոնյանը մասնավորապես անդրադարձել է մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Ասկերանի շրջանի Փարուխ գյուղ՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ զենքի և անօդաչու ավիացիայի կիրառումը հերթական անգամ հանգեցրել է մարդկային զոհերի, կան վիրավորներ: «Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը գործնական քայլեր կձեռնարկի իրավիճակի կարգավորման և նոր զոհերի ու մարտական գործողությունների կանխման համար և ադրբեջանական ուժերը կվերադարձնի մարտի 23-ի դիրքեր»,-նշել է նա: Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՌԴ ՊՆ-ի հասցեական հայտարարությունը, որը, սակայն, արժանացել է ադրբեջանական կողմի հակազդեցությանը: ԱԺ նախագահը գործընկերներին տեղեկացրել է, որ դեռևս լուծված չեն հետպատերազմյան հումանիտար և այլ բնույթի խնդիրներ՝ շեշտելով հայ ռազմագերիների, պատանդների հարցը, որոնց թիվը, ըստ Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների, 38 է: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցերն օրհասական են: «Հիմնարար և սկզբունքային են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և ազատությունների երաշխավորումը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ հակամարտությունը ոչ թե տարածքային, այլ իրավունքի հարց է: Այս համատեքստում կարևոր ենք համարում նոյեմբերի 9-ին, ինչպես նաև 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարումը: Ինչպես նախկինում, Հայաստանը կարևորում է հարևան պետությունների հետ նորմալ հարաբերությունները: Մենք պատրաստ ենք երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը և այդ պատճառով հաստատելով նախկինում ձևակերպված դիրքորոշումը՝ առաջարկում ենք Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը: Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել: Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հարվածային ԱԹՍ կիրառել, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ: ՊԲ-ն դիմել է համարժեք գործողությունների: Մարտի 27-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ադրբեջանական ուժերը հետ քաշել զորքերը Փառուխ գյուղից, Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով |