Գրիգորյանն ու Հաջիևը Բրյուսելում քննարկել են ապրիլի 6-ի եռակողմ հանդիպման մանրամասները![]() 31 մարտի 2022 - 11:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ` հանդիպման կազմակերպմանը նպաստել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Գրիգորյանն ու Հաջիևը նաև առանձնազրույց են ունեցել։ Մասնավորապես, քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ «Բովանդակային քննարկումների ընթացքում մասնակիցները քննարկել են քաղաքական և անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հարցերի ամբողջ շրջանակը՝ որպես երկու երկրների ղեկավարների և Շառլ Միշելի միջև 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված փոխըմբռնումների շարունակություն», – ասված է ԵՄ կայքում։ Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում՝ շարունակելու քննարկումները, այդ թվում՝ դեկտեմբերի 14-ին երկու երկրի ղեկավարների հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի շուրջ: Հայաստանն ու Ադրբեջանը կքննարկեն նաև երկու երկրի միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին առնչվող հարցեր: Նշվում է, որ Եվրամիությունը նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ապահովմանը։ Ապրիլի 6-ին կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Վերջին անգամ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են 2021-ի դեկտեմբերին 14-ին՝ Բրյուսելում, կրկին Միշելի մասնակցությամբ։ Քննարկվել են 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը: Ապա դեկտեմբերի 15-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ալիևի եռակողմ հանդիպումը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |