Ուկրաինայի Խերսոնի շրջանի իշխանությունները կխնդրեն Պուտինին ընդգրկել այն ՌԴ կազմում

Ուկրաինայի Խերսոնի շրջանի իշխանությունները կխնդրեն Պուտինին ընդգրկել այն ՌԴ կազմում

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Խերսոնի շրջանի իշխանությունները կդիմեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ընդգրկել շրջանը ՌԴ կազմում։ Այդ մասին հայտարարել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի փոխղեկավար Կիրիլ Ստրեմոուսովը։

Նա հավելել է, որ մինչև տարեվերջ շրջանն ամբողջությամբ կանցնի ռուսական օրենսդրության, գրում է ՌԻԱ Նովոստին։

Բացի այդ, մինչև մայիսի վերջը շրջանում ռուբլու շրջանառությամբ բանկ կսկսի գործել։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին, մեկնաբանելով Ստրեմոուսովի խոսքերը, ասել է, որ Խերսոնի շրջանի ՌԴ կազմ մտնել-չմտնելու հարցը պետք է նրա բնակիչները որոշեն։

«Նման դիմումի լինել-չլինելը պետք է շրջանի բնակիչները որոշեն՝ սա առաջինը։ Եվ իրենց ճակատագիրը ևս պետք է Խերսոնի շրջանի բնակիչները որոշեն։ Անշուշտ, այդ հարցը պետք է հստակ և մանրակրկիտ կերպով հստակեցվի և գնահատվի իրավաբանների և իրավագետների կողմից, քանի որ, նման ճակատագրական որոշումները պետք է բացարձակ հստակ իրավաբանական հիմք ունենան, լինեն միանգամայն լեգիտիմ, ինչպես Ղրիմի պարագայում»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

ՌԴ զինծառայողները վերահսկողություն են հաստատել Խերսոնի շրջանում և Զապարոժյեի շրջանի մի մասը՝ այդպիսով ամբողջությամբ կտրելով Ուկրաինան Ազովի ծովից և կապ ստեղծելով վերոնշյալ շրջանների և Դոնեցկի ժողովրդական հանրապետության հետ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---