Ռուտե․ Կարևոր է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը բանակցություններ են սկսել, ԵԱՀԿ ՄԽ-ին օժանդակում ենք

Ռուտե․ Կարևոր է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը բանակցություններ են սկսել, ԵԱՀԿ ՄԽ-ին օժանդակում ենք

PanARMENIAN.Net - Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռուտեն Հաագայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերջերս սկսել են բանակցություններ վարել, որպեսզի շուտով իրականանա Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնությունը և նշել, որ Նիդերլանդները շեշտում են դրա կարևորությունը և օժանդակում Մինսկի խմբի համանախագահներին:

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին:

Մարկ Ռուտեն, մասնավորաապես նշել է. «Վարչապետ Փաշինյանի այցը շատ ճիշտ պահին է տեղի ունենում, քանի որ Հայաստանի կառավարությունն անցած տարվա ընտրություններից հետո, շատ մեծ պլաններ ունի․․․Ես մեծապես համոզված եմ, որ բարեփոխումները լինելու են շատ արդյունավետ, և բոլոր հայերը դրանից օգուտ են ստանալու: Ես մեծ գնահատական եմ տալիս պարոն Փաշինյանին, շատ եմ գնահատում իր կառավարության գործունեությունը և իրեն խոստացել եմ, որ կօժանդակենք ամեն կերպ:

․․․Ցավոք, Հայաստանը շատ լավ գիտակցում է՝ ինչ է նշանակում պատերազմը, և այդ իսկ պատճառով էլ այդքան կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերջերս սկսել են բանակցություններ վարել, որպեսզի շուտով իրականանա Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնությունը: Մենք շեշտում ենք դրա կարևորությունը և Մինսկի խմբի համանախագահներին օժանդակում ենք: Շատ բարդ խոսակցություն է այդքան վշտից հետո: Պարոն Փաշինյանն այդ մասին պառլամենտում շատ պարզ խոսքեր արտահայտեց: Ես իմ հարգանքն արտահայտեցի դրա վերաբերյալ, Հայաստանի կառավարության ջանքերն այդ առումով, մենք սրտանց ողջունում ենք և շարունակելու ենք ողջունել»:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդների Թագավորություն:

«Պիտի արտահայտեմ նաև իմ շնորհակալությունը Ձեր արտահայտած դիրքորոշումների վերաբերյալ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և այն բանի համար, որ Դուք հստակ աջակցում եք ՀՀ կառավարության որդեգրած խաղաղության օրակարգին: Պետք է ասեմ, որ այո՛, մենք խաղաղության օրակարգ որդեգրելու և իրականացնելու մանդատ ենք ստացել մեր ժողովրդից նախորդ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

Մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը չափազանց հարուստ է: Մենք շատ հետաքրքրված ենք և այսօր մի քանի առիթներով քննարկել ենք, մասնավորապես, Հայաստանում գյուղատնտեսական տեխնոլոգիաների ավելի լայնածավալ կիրառման հարցը:

Մենք քննարկեցինք նաև այն պրոցեսները, որ տեղի են ունենում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Եվ պետք է ուրախությամբ նշեմ, որ ըստ էության, արձանագրում ենք, որ մենք ընդհանուր պատկերացումներ ունենք այդ պրոցեսների վերաբերյալ և ընդհանուր պատկերացում ունենք, որ խաղաղության օրակարգն իսկապես պետք է իրագործվի: Բայց նաև, մենք բոլորս գիտենք, որ առանց միջազգային հանրության աջակցության դա հնարավոր չէ, և ուրախ ենք, որ միջազգային մեր գործընկերների շրջանում այդ օրակարգն ըմբռնում է գտնում»,-ասել է Փաշինյանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են նաև երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռուտեն պատասխանել են լրագրողների հարցերին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Նիդերլանդների Թագավորություն ավարտվել է։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---