Առաջին Հանրապետության օրն է![]() 28 մայիսի 2022 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Հայաստանում նշում են Առաջին Հանրապետության օրը: 1918-ի մայիսին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում, հայ ազգը, համախմբելով բոլոր ուժերը, 543 տարի անց կարողացավ վերականգնել պետականությունը: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո: Մայիսի 29-ին ՀՅԴ Արևմտյան և Արևելյան Բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երևանը: Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն: Անկախության առաջին տարեդարձի օրը` 1919-ի մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ և Միացյալ Հանրապետություն: Առաջին Հանրապետությունը ստեղծվեց հայերի համար դժվարին ժամանակահատվածում՝ երկիրը լի էր ցեղասպանությունից մազապուրծ գաղթականներով, սով էր, տրանսպորտային ուղիների շրջափակում։ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի, մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը և հանրապետությունը խորհրդայնացվեց: 1991 թվականին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց և խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր: Սարդարապատի հերոսներին նվիրված հուշարձանը կառուցվել է 1968 թվականին: Մայիսի 28-ի առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի կապակցությամբ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |