Լարված իրավիճակ՝ կառավարության 3-րդ շենքի մոտ․ 4 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, այդ թվում՝ ոստիկաններ

Լարված իրավիճակ՝ կառավարության 3-րդ շենքի մոտ․ 4 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, այդ թվում՝ ոստիկաններ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած քաղաքացիների քայլերթը հասել է Հանրապետության հրապարակ։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները փորձել են մտնել շենք՝ հանդիպելու նախարարների հետ: Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել, հայտնում է «Փաստինֆոն»։

ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ կառավարական 3-րդ մասնաշենք են մտնելու, որպեսզի հետաքրքրվեն՝ արդյո՞ք նախարարները համաձայն են ընդդիմության տարածած՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարության հետ:

Ոստիկանները թույլ չեն տվել ընդդիմադիրներին մտնել շենք, ինչից հետո բախում է սկսվել իրավապահների ու քաղաքացիների միջև: Քաղաքացիներից ոմանց ինքնազգացողությունը վատացել է քաշքշուկի ժամանակ:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ՀՀ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 4 քաղաքացի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում: Չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա: Հիվանդանոցային համալիրում համալսարանական մասնագետների հսկողության ներքո քաղաքացիները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Տեղեկացնենք նաև, որ 4 քաղաքացիներից 2-ը ոստիկանության ծառայողներ են»,-ասվում է գրառման մեջ:

Սաղաթելյանը քայլերթի մեկնարկին, Ֆրանսիայի հրապարակում հայտարարել էր, որ ինչպես ավելի վաղ ասվել էր՝ այսօրվանից սկսում են այցելել տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ պահանջով՝ դիրքորոշում հայտնել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված ընդդիմադիրների առաջարկած հայտարարության վերաբերյալ, որի տեքստը հրապարակվել է և որը քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստում։

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել նախաձեռնությամբ․ հրավիրել են ԱԺ արտահերթ նիստ՝ իրենց օրակարգով և պահանջում են, որ ԱԺ-ն հանդես գա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հստակ հայտարարությամբ։ Նիստը կայանալու է հունիսի 3-ին, սակայն ՔՊ-ն չի մասնակցելու։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---