Եվրախորհրդարանը հորդորել է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրախորհրդարանը հորդորել է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը զեկույց է ընդունել Թուրքիայի վերաբերյալ՝ ի թիվս այլ հարցերի, կոչ անելով այդ երկրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մասնավորապես, փաստաթղթում նշվում է, որ Եվրախորհրդարանը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև վերջին մերձեցումը` կապված երկկողմ շփումներ սկսելու որոշման, հատուկ ներկայացուցիչներ նշանակելու և երկու երկրների միջև թռիչքները վերսկսելու հետ, գրում է «Առավոտը»։

Զեկույցի հեղինակները համարում են, որ սա «խիստ դրական զարգացում» է, որը դրական ազդեցություն ունի տարածաշրջանի բարգավաճման և անվտանգության վրա:

«Եվրախորհրդարանը խրախուսում է երկու կողմերին շարունակել այդ ջանքերը՝ իրենց հարաբերությունները լիովին կարգավորելու նպատակով և կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն աջակցել այս գործընթացին»,- ասվում է փաստաթղթում:

Բացի այդ, Եվրախորհրդարանը խրախուսել է Թուրքիային ճանապարհ հարթել թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման, այդ թվում Հայոց ցեղասպանության շուրջ վեճի կարգավորման համար, և լիովին հարգել հայկական և այլ մշակութային ժառանգությունները պաշտպանելու իր պարտավորությունները:

Զեկույցի հեղինակները հույս են հայտնել, որ դա կարող է հանգեցնել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման դինամիկայի:

Եվրախորհրդարանը նաև ողջունել է Թուրքիայի դիվանագիտական ջանքերը Մերձավոր Արևելքի տարբեր երկրների, հատկապես Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ և ևս մեկ անգամ խրախուսել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ մեջլիսի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ, որը ենթադրում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը շատ բացասական արձագանք ստացավ իշխանությունների կողմից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---