Փաշինյան․ ՀՀ-ն պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը 5 հուլիսի 2022 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը։ Այդ մասին Սահմանադրության օրվա առթիվ իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ 2021-ի իրադարձություններն ապացուցեցին, որ այս համակարգը ճգնաժամեր կառավարելու, քաղաքական բանավեճին ժողովրդի ներգրավման ու վճռական մասնակցության ավելի գործուն մեխանիզմներ է ապահովում: «Մեր Սահմանադրության ոչ փոփոխելի հոդվածները ձևակերպել են Հայաստանի Հանրապետության ազգային-պետական տեսլականը: Ըստ այդմ, ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Հպարտությամբ պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանը միջազգայնորեն ճանաչված է որպես ժողովրդավարական պետություն: Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է, և մեր մեծագույն խնդիրն է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը վերածել երկրի անվտանգությունն ապահովող տևական գործոնի: Պիտի արձանագրեմ նաև, որ սահմանադրական մյուս հիմնարար նպատակներն ամրագրելու ճանապարհին մեծ աշխատանք ունենք անելու, և մեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ուղղված են հենց այդ նպատակներին: Սահմանադրության օրվա առիթով պիտի առանձնահատուկ ընդգծեմ ՀՀ Սահմանադրության հոդված 3-ի դրույթները, համաձայն որի՝ մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Պիտի ցավով արձանագրեմ, որ ժողովրդավարությունը, խոսքի, կարծիք արտահայտելու ազատությունը երբեմն հանգեցնում է ատելության խոսքի, հայհոյախոսության, մարդու արժանապատվությունը նվաստացնող խոսույթի»,-ասվում է ուղերձում: Վարչապետը նշել է նաև, որ ամուր իրավակարգը, անկախ դատական համակարգը, օրինականության մեխանիզմները պիտի դառնան նաև մարդու արժանապատվության պաշտպանության հուսալի երաշխիքներ՝ առանց սահմանափակելու և վնասելու ժողովրդավարական արժեքները, և այս հարցի լուծումը կառավարության օրակարգի առաջնահերթությունների շարքում է: «Տեղյակ եք անշուշտ, որ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը ու մինչև տարեվերջ պետք է ներկայացվի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ: Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առիթով: Ցանկանում եմ, որ իրավունքը, օրենքը դառնա մեր հանրային, քաղաքացիական հարաբերությունների կարգավորման եթե ոչ միակ, առնվազն առանցքային և վճռական գործոն»,-ասվում է ուղերձում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |