ԱԺ նախագահ․ Մշտապես սպասում ենք Ադրբեջանի կողմից որևիցե սադրանքի

ԱԺ նախագահ․ Մշտապես սպասում ենք Ադրբեջանի կողմից որևիցե սադրանքի

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն խորհրդարանում ճեպազրույցում, նշելով, որ Հայաստանը հետամուտ է լինելու խաղաղության գործընթացին, հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից ցանկացած պահի կարող է որևիցե սադրանք լինել։

ԱԺ նախագահի խոսքով՝ Ադրբեջանը պատրաստվում է զորավարժությունների Թուրքիայի հետ, գրում է Aysor.am-ը։

«Մեր ընկալումը՝ մշտապես ուշի-ուշով հետևել ու ամեն րոպե պատրաստ լինել որևիցե զարգացման: Թող որևիցե մեկի մոտ տպավորություն չլինի, որ մենք մտածում ենք, թե բոլոր հարցերը լուծված են: Մենք մշտապես սպասում ենք, որ որևիցե սադրանք կարող է լինել Ադրբեջանի կողմից», - հայտարարել է Սիմոնյանը:

Նա գնահատական չի տվել, թե որքանով է հավանական պատերազմի վտանգը:

«Իրենք բոլոր հնարավոր տեղերով փորձելու են ճնշումներ գործադրել, մենք էլ հնարավոր բոլոր տեղերում այդ ճնշումները կանխել ենք, կանխելու ենք ու Հայաստանի և Արցախի շահերը առաջ ենք տանելու», - նշել է Սիմոնյանը:

Նա նշել է, որ առաջին հերթին անվտանգության հարցերը պետք է լուծել, ինչն արվում է երկու ձևով՝ խաղաղություն հաստատելով հարևանների հետ ու ունենալով ուժեղ բանակ։

«Մեր քաղաքացիներն ու մենք գտնում ենք, որ առաջնային պետք է լուծենք մեր անվտանգության հարցերը, իսկ անվտանգության հարցերը երկու ձևով են լուծվում՝ խաղաղություն հաստատելով հարևանների հետ ու ունենալով ուժեղ բանակ: Մենք բանակի ուղղությամբ առաջ ենք գնալու: Ես կարող եմ ասել, որ Սուրեն Պապիկյանը բավական հաջող կատարում է իր աշխատանքը», - ասել է նա:

Սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ այդ երկրի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հրամայվել է մշտապես պատրաստ լինել «Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին հայկական զինված ուժերի հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը»։ Վերջին օրերին Ադրբեջանը պաբերաբար ապատեղեկատվություն է տարածում այն մասին, թե իբր «հայկական ուժերը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։

 Ուշագրավ
---