Փաշինյանը Մակրոնին և Պուտինին ասել է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված![]() 16 սեպտեմբերի 2022 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Մակրոնին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: Մակրոնը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Պուտինի հետ հեռախոսազրույցում Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ներկայումս սահմանին հարաբերական հանգիստ է՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: Վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն ուղղված ՀՀ դիմումի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացմանը վերաբերող հարցեր: Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |