Չավուշօղլու․ ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա, իսկ Քըլըչը և Ռուբինյանը հեռախոսակապի մեջ են![]() 17 հոկտեմբերի 2022 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Հայաստանի ու Թուրքիա ԱԳ նախարարների միջև հանդիպման հնարավորության մասին հարցին, ասել է, որ նման պայմանավորվածություն դեռևս չկա։ Նա այդ մասին խոսել է Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստին հաջորդած ասուլիսում։ «Բայց արտգործնախարարների մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, թե որտեղ և երբ կլինի, դեռևս չենք որոշել։ Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել: Այստեղ խուսափելու ոչինչ չկա:»,- եզրափակել է Չավուշօղլուն, գրում է Ermenihaber-ը։ Ադրբեջանցի լրագրողը հիշեցրել է Չավուշօղլուի խոսքերը, ըստ որոնց պայմանավորվածություն է ձեռք բերվել հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Թուրքիայում և Հայաստանում անցկացնելու շուրջ։ «Պրահայում Փաշինյանի հետ հանդիպմանն այս հարցը ղեկավարների կողմից վերահաստատվել է: Հետևաբար, արդեն 3-րդ երկրներ գնալու կարիք չկա: Հատուկ ներկայացուցիչներ պարոն Սերդարը և Ռուբինյանը շարունակաբար հեռախոսակապի մեջ են: Նրանք իրար հետ կորոշեն՝ երբ Թուրքիայում հանդիպեն, երբ՝ Հայաստանում: Այն հանդիպմանը (Պրահայի հանդիպումը) Փաշինյանը որոշ առաջարկներ է արել: Մեր նախագահն էլ ասաց, թող ԱԳ նախարարները, հատուկ ներկայացուցիչներն աշխատեն այդ ուղղությամբ և աշխատանքները ներկայացնեն մեզ: Սա առաջարկ էր, որին նաև Փաշինյանը կողմ եղավ»,- արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարը։ Նա շեշտել է, որ իրենք բոլոր հարթակներում՝ երկկողմ կամ եռակողմ, միշտ պատրաստ են հանդիպել: Ավելի վաղ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն այսուհետ կանցկացվեն ՀՀ-ում և Թուրքիայում, ասել էր, որ Պրահայում հանդիպման ժամանակ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել այդ առաջարկները»,-ասվում է մեկնաբանության մեջ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |