Արդյո՞ք Հայաստանն ու Թուրքիան համաձայնության կգան Անիի վերականգնման հարցում

PanARMENIAN.Net - «Թուրքիայի մշակույթի նախարարն իր հայտարարությամբ սկիզբ դրեց Անիի համատեղ վերականգնման թեմայի զարգացման նոր փուլին, սակայն փոքր-ինչ այլ դիրքից եւ այլ հարթության վրա»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը:



Գյուրջյանի խոսքով, 2007թ. Թուրքիայի Վանա լճի Աղթամար կղզում վերականգնված Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը այն ժամանակվա Թուրքիայի նախարար Աթիլլա Քոչին առաջարկվեց հայ մասնագետների հետ համագործակցությամբ իրականացնել Անի հին հայկական մայրաքաղաքի վերականգնման նախագիծը եւ այդ կապակցությամբ 2008թ. հոկտեմբերին կազմակերպել Հայաստանի եւ Թուրքիայի մշակույթի նախարարների հանդիպումը Անիում: Քոչը համաձայնեց, սակայն մինչ օրս թուրքական կողմից պատասխան չկա նաեւ մշակույթի նախարարի համապատասխան նամակին:



Թուրքիայի եւ Հայաստանի համագործակցությունը Անիի վերականգնման հարցում հնարավորություն կտա օգտագործելու 19-րդ դարում Անիում աշխատած մասնագետների, Նիկողայոս Մառի եւ Թորոս Թորամանյանի գլխավորած հնագիտական պեղումների ձեռք բերած տեղեկատվությունը` դրանով իսկ փակելով նոր պեղումների ձեռնարկման եւ աննպատակ ծախսերի հարցը: Բացի այդ, դա կապահովի աշխատանքների համապատասխանությունը հնագույն ճարտարապետական հուշարձանների վերականգնման միջազգային նորմերին»,- վստահեցրել է Գագիկ Գյուրջյանը:



Հիշեցնենք, որ Թուրքիայի մշակույթի նախարար Էրթօղրուլ Գյունայը Հայաստանի մշակույթի նախարարին կոչ է արել համագործակցել Անի հնագույն քաղաքի ավերակների վերականգնման գործում, բայց ավելացրել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի առաջին հերթին:



Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, Նախարարությունը ծրագրում է համագործակցություն երկու երկրների միջեւ ոչ միայն պատմական հուշարձանների վերականգնման գործում: «Մենք հույսեր ենք տածում Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համատեղ մշակութային նախագծերի առնչությամբ», - նշել է Գյունայը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---