Վատիկանն ուզում է երանելիների կարգին դասել կարդինալ Պետրոս Աղաջանյանին![]() 12 նոյեմբերի 2022 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Կաթոլիկ եկեղեցին ցանկանում է կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանին երանելիների կարգին դասել, հայտնում է իտալական Mola Libera պարբերականը։ Վատիկանի հոգևորականներն Աղաջանյանի կենսագրության քննարկումը սկսել են հոկտեմբերի 28-ին։ Ըստ կաթոլիկ օրացույցի` դա Սուրբ Թադեոս առաքյալի օրն է, որը Բարդուղիմեոս առաքյալի հետ միասին համարվում է հայ ժողովրդին մկրտիչն ու Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիրը: Աղաջանյանը Կիլիկիայի կաթողիկե հայ եկեղեցու հայրապետն է եղել, ավելի ուշ Հռոմի պապ Պիոս XII-ը նրան կարդինալի աստիճան է շնորհել (1946 թվականից), գրում է Sputnik Արմենիան։ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը (ծննդյան անունը Ղազարոս) ծնվել է Ախալցխայում 1895-ին: Նրա ունակություններն ու հոգևոր ճանապարհով գնալու ցանկությունը նկատել է Կովկասում հայ կաթողիկե եկեղեցու ղեկավարներից մեկը՝ Սարգիս Տեր-Աբրահամյանը, որը նրան ուղարկել է Հռոմ սովորելու։ 1917 թվականին Աղաջանյանը ձեռնադրվել է քահանա, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ուղարկվել է Թիֆլիս, որտեղ նշանակվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Կաթողիկե եկեղեցու հովիվ։ Հայաստանի կաթոլիկ համայնքում նա բացել է Ղևոնդ Ալիշանի անվան դպրոցը, որը խորհրդային իշխանության հաստատումից հետո փակվել է։ 1921 թվականին նրան հետ են կանչում Հռոմ, որտեղ ծառայում է հայկական հոգևոր ուսումնարանում։ 1934-ին Աղաջանյանին ուղարկում են Լիբանան, իսկ 1937-ին՝ 42 տարեկան հասակում, նա ընտրվում է Կիլիկիայի հայ կաթոլիկների Պատրիարք` Գրիգոր Պետրոս XV անունով։ Այս տարիներին Աղաջանյանը հնարավորինս օգնել է հազարավոր հայ փախստականների։ Բացի այդ, նրա ուժերով Բեյրութում կանգնեցվել է հայ ժողովրդի նահատակներին նվիրված առաջին հուշարձանը։ 1946 թվականին, Պիոս XII պապից ընդունելով կարդինալ գլխարկը, Աղաջանյանը հայտարարել է. «Ընդունում եմ աստիճանը խոնարհությամբ և հպարտությամբ։ Խոնարհությամբ, քանզի գիտակցում եմ իմ անկատարությունը, իսկ հպարտությամբ, քանզի ի դեմս ինձ պատվում են իմ սիրելի հայ ժողովրդին, նրա սրբերի և նահատակների արյունը»։ 1962 թվականին Աղաջանյանն առողջական խնդիրների պատճառով թողել է պատրիարքարանի ղեկավարությունը։ Մահացել է Հռոմում, 1971 թվականի մայիսի 10-ին։ Բացի հայ կաթողիկե համայնքի բարօրության համար աշխատելուց, Աղաջանյանը հարգանք է վայելել նաև որպես առհասարակ կաթոլիկ գործիչ։ Վատիկանի Երկրորդ տիեզերական ժողովում` 1962-65 թվականներին, նա եղել է Հրահանգների հանձնաժողովի անդամ, ինչպես նաև ժողովուրդների ավետարանչական միաբանության պրեֆեկտ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |