ՄՖԿ խորհրդատվական ծառայություններ կտրամադրի Հայաստանի ԿԲ-ին հիփոթեքային վարկավորման շուկայի զարգացման հարցերում

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ Կենտրոնական բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Այդ մասին հաղորդում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:



Հաղորդագրության համաձայն, հուշագրով նախատեսվում է, որ կորպորացիան Կենտրոնական բանկին խորհրդատվական ծառայություններ կտրամադրի հիփոթեքային վարկավորման առաջնային եւ երկրորդային շուկայի զարգացման վերաբերյալ: Ընկերության խորհրդատվությունը նպատակաուղղված է Հայաստանում հիփոթեքային վարկավորման զարգացման համար օրենսդրական, նորմատիվային եւ շուկայական նախադրյալներ ստեղծելուն:



ՀՀ կենտրոնական բանկը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան հիփոթեքային շուկայի հետագա աճը դիտարկում են որպես ՀՀ քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման, ինչպես նաեւ այդ կարեւոր բանկային վարկային գործիքի զարգացման քայլ:



Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՀՀ կենտրոնական բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջեւ համագործակցության շրջանակներում ապրիլի 15-18-ն անցկացվում է խորհրդակցություն, որի նպատակն է հիփոթեքային վարկավորման ոլորտում միջազգային պրակտիկայի ուսումնասիրությունը: Սեմինարն անցկացվում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Հորդանանի, Մալազիայի եւ Ռուսաստանի առաջատար մասնագետների մասնակցությամբ:



Միջազգային ֆինանսական կորպորացիան Համաշխարհային բանկի խմբի անդամ միջազգային կազմակերպություն է, որի գլխավոր նպատակն է աջակցել դեպի զարգացող երկրներ մասնավոր ներդրումների կայուն հոսքի ապահովմանը, աղքատության կրճատմանը եւ բնակչության կյանքի պայմանների բարելավմանը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---