Բաբայան․ Բաքվի հայերի ջարդերն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դրսևորումներից են

Բաբայան․ Բաքվի հայերի ջարդերն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դրսևորումներից են

PanARMENIAN.Net - Արցախի արտաքին գործերի նախկին նախարար, փորձագետ Դավիթ Բաբայանը Բաքվի հայերի ջարդերն Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության դրսևորումներից և ամենաարյունալի դեպքերից մեկն է համարում, հայտնում է Արմենպրեսը։

Անդրադառնալով Բաքվի հայերի ջարդերի 33-րդ տարելիցին՝ Բաբայանն ընդգծել է, որ 1990 թ. հունվարի 13-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական և սև էջերից մեկն է:

«Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը: Պետք է լինենք միասնական, ճիշտ քաղաքականություն վարենք, կիրթ և հայրենասեր հասարակություն ձևավորենք. միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել Բաքվում տեղի ունեցած ջարդերի նման ծանր փորձություններից»,- ասել է Բաբայանը:

Նրա խոսքով՝ տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից իրականացվել են հայաթափման ծրագրեր, ու Բաքվի ջարդերն էլ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դեպքերից են եղել:

«Սա մեր ամենացավոտ թեմաներից մեկն է, և, ցավոք սրտի, միջազգային հանրության կողմից որևէ պատշաճ գնահատականի չի արժանացել, այդ իսկ պատճառով Ադրբեջանը առ այսօր շարունակում է իր քաղաքականությունը: Եվ այսօր Արցախի շրջափակումն այդ նույն ցեղասպան քաղաքականության մի դրսևորում է»,- ասել է Բաբայանը:

Նա ընդգծել է, որ կան բազմաթիվ խնդիրներ, և հայ ժողովրդի առջև կանգնած է 4 կարևորագույն համազգային խնդիր՝ Արցախի ճակատագիրը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հայ ազգային ինքնության պահպանումը Սփյուռքում և Սևանա լճի փրկությունը:

«Հաշվի առնելով, որ ամենավտանգվածը այս պահին Արցախն է, հետևաբար արցախակենտրոնությունը պետք է լինի գլխավոր արտաքին քաղաքական հրամայականը, գոնե կարճատև ժամանակահտված, որպեսզի այս ճգնաժամային իրավիճակից կարողանանք դուս գալ»,- ասել է նա:

Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ ընդհանրապես հանցագործության դեմ աչք փակելը, անտարբեր լինելը գոտեպնդում է ագրեսորին՝ սկսած հասարակ հանցագործից, որը հանցագործություններ է կատարում փողոցում, վերջացրած պետություններից:

Անդրադառնալով այն հարցին, թե Բաքվի ջարդերի հետևանքով տուժած քաղաքացիների իրավունքների վերականգնման առումով ինչպիսի քայլեր պետք է կատարվեն՝ Բաբայանը նշեց, որ առաջին հերթին պետք է քաղաքական. պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և կիրառել պատժամիջոցներ, բայց միջազգային հանրությունը դժվար թե այս պահին, իր իսկ շահերից ելնելով, գնա այդ քայլին:

«Բայց գոնե մենք պետք է հասկանանք ում հետ գործ ունենք, ի՞նչ է Ադրբեջան պետությունը, որովհետև չկան լավ և վատ ժողովուրդներ, կան վատ և վտանգավոր պետություններ: Դրա համար իլյուզիաներով չպետք է ապրենք. Ադրբեջանն ու Թուրքիայի մեղմ ասած մեր բարեկամները չեն: Դա չի նշանակում, որ պետք է ընդհանրապես չառնչվել նրանց հետ, բայց դա պետք է անել՝ հասկանալով կարմիր գծերը»,- եզրափակել է նա:

Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերը սկսվել են 1990 թ. հունվարի 13-ին և շարունակվել 7 օր: Ջարդերի ընթացքում կոտորվել է 300 հայ, սակայն մինչ օրս զոհերի ստույգ թիվը ճշտված չէ: Բաքվում տեղի ունեցածը, ինչպես հաստատել է Human Rights Watch զեկուցող Ռոբերտ Քուշները, տարերային աղետ չէր, այն կազմակերպված էր, դա է ապացուցում այն, որ ջարդարարներն ունեցել են իրենց զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---