Եվրախորհրդարանը պահանջել է Ադրբեջանից անհապաղ վերականգնել Լաչինով տեղաշարժի ազատությունը

Եվրախորհրդարանը պահանջել է Ադրբեջանից անհապաղ վերականգնել Լաչինով տեղաշարժի ազատությունը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը պահանջել է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը և խստորեն դատապարտել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի 2022թ. սեպտեմբերի ագրեսիան։ Այս մասին ասվում է «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևում, որն ընդունվել է Եվրոպական խորհրդարանում։

«Սեպտեմբերի ագրեսիան Ադրբեջանի կողմից զինադադարի խախտում է և լուրջ հետևանքներ ունի խաղաղության գործընթացի համար»,– ասված է զեկույցում, գրում է Sputnik Արմենիան։

Ընդունված բանաձևում ասվում է, որ ռազմական միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնել հնարավոր չէ։

«Դա պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին` ներառյալ ՄԱԿ կանոնադրությունը, ԵԱՀԿ 1975 Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ 2009թ. հիմնարար՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները»,– ասված է բանաձևում:

Նշվում է նաև, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիարժեքորեն հարգվի, և կոչ է արվում ադրբեջանական իշխանություններին անմիջապես դուրս բերել զորքերը Հայաստանի բոլոր տարածքներից:

Զեկույցում մտահոգություն է արտահայտվում նաև Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ պատերազմական հանցագործությունների ու անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ և կոչ է արվում ադրբեջանական իշխանություններին ազատել իրենց հսկողության տակ գտնվող ռազմագերիներին:

Նշվում է, որ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացում պետք է լինի պայմանական՝ կախված երկրի կողմից մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության ու հիմնարար ազատությունների հարգման ուղղությամբ էական առաջընթացի ապահովումից:

Ըստ CFSP զեկույցի՝ Թուրքիայի վերաբերյալ հատվածում նշվում է Հարավային Կովկասում, ի թիվս այլ տարածաշրջանների, երկրի շարունակական ապակայունացնող գործողությունների մասին:

Նշենք, որ CFSP-ն արտաքին քաղաքական հարցերով ԵԽ տարեկան հիմնական զեկույցն է և դրանում որևէ ձևակերպման համաձայնեցում ու ընդունում ձևավորում է ԵԽ միասնական քաղաքական գիծը:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---