Բարակ Օբամային ուղղված «Ժառանգություն» կուսակցության նամակը փոխանցվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության կազմակերպած դեպի Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն երթի մասնակիցները հանձնել են Բարակ Օբամային հասցեագրված նամակը: Երթի ներկայացուցիչներին դեսպանատանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքա-տնտեսական վարչության ղեկավար Ստիվեն Բենքսը: Ամերիկյան դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյայի հետ հանդիպումից հետո երթի կազմակերպիչ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը լրագրողներին պատմել է, որ կարճատեւ զրույցի ընթացքում ներկայացվել է իր կուսակցության դիրքորոշումը ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: «Ստիվեն Բենքսը խոստացել է, որ նամակն անպայման կուղարկվի Սպիտակ տուն»,- հաղորդել է Սանասարյանը:



Դավիթ Սանասարյանի խոսքով, պարոն Բենքսը, մասնավորապես, մտահոգություն է հայտնել հայ-թուրքական հարաբերություններին վնաս հասցնելու հնարավորության վերաբերյալ, հայտնել է, որ «ԱՄՆ քաղաքականությունը կառուցվում է` ելնելով այդ հաշվարկներից: Դրանից կախված է լինելու` արդյոք Բարակ Օբաման կարտասանի «ցեղասպանություն» բառը, թե` ոչ»:



«Ժառանգություն» կուսակցության երթը նվիրված է Հայոց ցեղասպանության 94-ամյա տարելիցին: Ակցիայի մասնակիցները մտադիր են ԱՄՆ դեսպանատան աշխատողներին հանձնել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային ուղղված նամակը, որում կոչ է արվում ամերիկյան նախագահին կատարել իր նախընտրական խոստումը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որն իրականցվել է թուրքական իշխանությունների կողմից 1915-1923թթ.:
 Ուշագրավ
---