Հայաստանի եւ Բուլղարիայի կրթության նախարարությունները 2009-2012թթ. համագործակցության ծրագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը եւ Բուլղարիայի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կիրչո Աթանասովը ապրիլի 22-ին ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարությունների միջեւ կրթության եւ գիտության բնագավառներում 2009-2012 թթ. համագործակցության ծրագիր»: Ինչպես հաղորդում է ՀՀ Կրթության նախարարությունը, հայ-բուլղարական հարաբերությունները կրթության եւ գիտության ոլորտում ձեւավորվել են դեռեւս 1994թ.-ին` Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարությունների միջեւ ստորագրված համագործակցության հուշագրով: 2006թ.-ին կնքված համաձայնագրի ժամկետը լրացել էր այս տարի, հետեւաբար կողմերը ձեռնամուխ են եղել նոր ծրագրի ստորագրմանը` հետագա համագործակցությունը խորացնելու նպատակով:



ՀՀ ԿԳ նախարար Ս. Սեյրանյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերոջը, ինչպես նաեւ Բուլղարիայի Հանրապետության կառավարությանն ու ողջ ժողովրդին` Սոֆիայի Քաղաքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու կապակցությամբ: «Դա ոչ միայն մարդասիրական քայլ է, այլեւ բարեկամ ժողովրդի ու բարեկամ պետության վերաբերմունքը մեր ժողովրդի նկատմամբ` ապրիլի 24-ի նախօրյակին»,-նշեց նախարարը:



Անդրադառնալով ստորագրվող փաստաթղթին` նախարար Ս. Սեյրանյանը շեշտեց, որ նախորդ համաձայնագրի բոլոր կետերը կատարվել են, եւ որն էլ հիմք է հանդիսացել ստորագրվող ծրագիրը նոր բաղադրիչներով հարստացնելու համար: «Բուլղարիայի ղեկավարությունը լուրջ ուշադրություն է դարձնում Բուլղարիայում ապրող մեր հայրենակիցների հայեցի դաստիարակության խնդիրներին: Բազմաթիվ կրթական հաստատություններում հայերենը ուսումնասիրվում է որպես մայրենի լեզու, եւ այս առումով ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը լուրջ աջակցություն է ցուցաբերել այդ դպրոցներին ինչպես ծրագրերի եւ դասագրքերի ապահովման, այնպես էլ ուսուցիչների վերապատրաստման հարցում»,-կարեւորեց նախարարը:



Ս. Սեյրանյանն ուշադրություն հրավիրեց նաեւ Սոֆիայի համալսարանում գործող հայագիտական կենտրոնի աշխատանքներին: Նա տեղեկացրեց, որ աշխատանքների կատարելագործման նպատակով կենտրոնն աշնանը կհամալրվի համապատասխան մասնագետով:

Բուլղարիայի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կիրչո Աթանասովը խորհրդանշական համարեց, որ դեռեւս 2006թ.-ին իրեն էր պատիվ ընձեռվել ստորագրելու համաձայնագիրը: Նա վստահեցրեց, որ եռամյա համագործակցության այս հուշագիրը նոր հեռանկարներ է բացում երկու ժողովուրդների համագործակցության համար:



Երկու երկրների կրթության եւ գիտության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները տեղեկացրին նան, որ «Ինֆորմատիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադան այս տարի կկայանա Բուլղարիայում, որին կմասնակցեն նաեւ հայ աշակերտները:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---