ԱԳ նախարար․ Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կիլոմետրանոց անվտանգության գոտի![]() 24 մարտի 2023 - 11:15 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը եգիպտական առաջատար AlQahera News լրատվամիջոցին տված հարցազրույցում, պատասպանելով այն հարցին, թե որն է իր կարծիքով Լաչինի միջանցքի արգելափակման վերացման հնարավոր լուծումը, ասել է, որ ստեղծված պայմաններում կցանկանար ընդգծել միջազգային հանրության ակտիվ ներգրավածության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման հրամայականը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և արգելափակումը վերացնելու ուղղությամբ: Միրզոյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կիլոմետրանոց անվտանգության գոտի։ «Այսպիսով, մարտի 5-ին Լաչինի միջանցքում իրականացված ադրբեջանական դիվերսիան ոտնահարել է ոչ միայն հրադադարի պայմանավորվածությունը, այլ նաև խախտել շփման գիծը և միջանցքի անվտանգության գոտին։ Նախ և առաջ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, որով նախատեսվում է, որ Ադրբեջանը «երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»։ Կարելի էր ենթադրել, որ Արդարադատության միջազգային դատարանի` փետրվարի 22-ին ընդունած՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը կարող է լուծել իրավիճակը, քանի որ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժն ապահովելու համար։ Ցավալի է, որ դատարաի այդ որոշումը դեռ կյանքի չի կոչվել»,-ասել է նա։ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչով՝ տեղում իրավիճակը գնահատելու համար։ «Գաղտնիք չէ նաև, որ նման առաքելության առաջարկը բազմիցս մերժվել է Ադրբեջանի կողմից՝ ակնհայտորեն ցուցադրելով միջազգային հանրությանը առջև թափանցիկ և հաշվետու լինելու Ադրբեջանի ղեկավարության պատրաստակամության բացակայությունը»,-ասել է նա։ Անդրադառնալով իրավիճակին Լեռնային Ղարաբաղում՝ Միրզոյանն ասել է, որ գրեթե երեք ամիս շարունակ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ ստեղծելով սեփական հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ և վերջնանպատակ ունենալով իրականացնել էթնիկ զտումներ: «Մարդասիրական ճգնաժամին զուգահեռ, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հրահրել է նաև էներգետիկ ճգնաժամ: Ձմռան ցուրտ պայմաններում, Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խաթարել և շարունակում են խաթարել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը: Ադրբեջանի գործողությունները, ինչպես նաև ագրեսիվ և առավելապաշտական հռետորաբանությունն ապացուցել են միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրները հասցեագրելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ փորձերը կանխելու նպատակով։ Միջազգային հանրության, այդ թվում՝ արաբական աշխարհում մեր գործընկերների և բարեկամների դիրքորոշումը պետք է լինի հստակ՝ ընդդեմ ևս մեկ ցեղասպանության նախապատրաստմանն ուղղված ցանկացած գաղափարախոսության և գործողության. միջազգային համակարգը չի կարող թույլ տալ նմանատիպ հերթական ձախողումը։ Ամփոփելով նշեմ, որ չնայած բոլոր ռիսկերին և իմ երկրի շուրջ ստեղծված փխրուն իրավիճակին, Հայաստանը մնում է վճռական՝ կայուն տարածաշրջանի ստեղծմանն իր նպաստը բերելու հարցում. տարածաշրջան, որտեղ խաղաղ ապրելը չի լինի պարզապես երազանք մեր սերունդների համար»,-ասել է Միրզոյանն արաբական լրատվամիջոցին։ ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |