Վարչապետ․ Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրությունը

Վարչապետ․ Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրությունը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելուն և Ադրբեջանի գործողությունների նպատակներին, հայտարարել է, որ հումանիտար բեռի մուտքը թույլ չտալը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրությունը։

«Ինչպես տեղյակ եք, Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պայմաններում, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցության կառավարման աշխատանքային խմբի որոշմամբ, խումբը գործում է, ստեղծվել է իմ որոշմամբ՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, հուլիսի 26-ին 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ 19 բեռնատար ավտոմեքենաներով: Հումանիտար օգնությունը երեկ հասել է Սյունիքի մարզի Կոռնիձորի հատված՝ Լաչինի միջանցքի մուտքի հատված: Մենք խնդրել ենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռը և տեղափոխեն Լեռնային Ղարաբաղ, որտեղ, Լաչինի միջանցքի մոտ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով, հումանիտար ճգնաժամ է հաստատված:

Ադրբեջանը, սակայն, խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ: Այս գործելակերպն անհասկանալի է, անընդունելի: Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու պատճառաբանությունն այն էր, թե իբր Հայաստանը միջանցքն օգտագործում է ռազմական նպատակներով: Սա, իհարկե, անհեթեթ պնդում է, բայց այդ պնդումն օգտագործվում է որպես պատրվակ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման համար:

Երեկ Լեռնային Ղարաբաղ ուղարկված 19 բեռնատարների պարունակությունը հետևյալն է՝ ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, շաքարավազ՝ 60 տոննա, բուսական յուղ՝ 40 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, աղ՝ 20 տոննա, մանկական կեր՝ 12 տոննա, դեղորայք՝ 9 տոննա: Ընդհանուր առմամբ, ինչպես արդեն նշեցի, 361 տոննա:

Երևանից շարժվելուց առաջ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները հրավիրվել և ծանոթացել են Շահումյանի հրապարակում կայանված այդ բեռնատարների վերը հիշատակված պարունակությանը: Ինչո՞ւ ուրեմն Ադրբեջանը թույլ չի տալիս այդ բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ, միթե՞ ոչ այն պատճառով, որ Ադրբեջանի իրական նպատակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սովի մատնելն է, ցեղասպանության ենթարկելը:

Անկախ մեր գնահատականներից, սակայն, մենք սպասում ենք Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված, պաշտոնական Բաքվի դրական արձագանքին, որովհետև հումանիտար բեռի մուտքի թույլ չտալը ընդամենը կհաստատի Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները: Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասող հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ, ընդհակառակը, կնպաստի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին, դրական քայլ կլինի վստահության մթնոլորտի հաստատման ճանապարհին:

Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Հուլիսի 26-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը հասել է Կոռնիձորի սահմանային հատված և կայանել Հակարիի կամրջի հարևանությամբ։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։ Հուլիսի 27-ի առավոտվա դրության շարասյունը դեռ նույն տեղում է։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։

 Ուշագրավ
---