Արայիկ Հարությունյանը՝ CNN-ին․Հիասթափված եմ մինչ այժմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի արձագանքներից

Արայիկ Հարությունյանը՝ CNN-ին․Հիասթափված եմ մինչ այժմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի արձագանքներից

PanARMENIAN.Net - Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը մինչ պաշտոնից հրաժարական ներկայացնելը հարցազրույց է տվել CNN-ին, որը հրապարակվել է սեպտեմբերի 6–ին։ Հարցազրույցում Հարությունյանն ասել է, որ հիասթափված է մինչ այժմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի արձագանքներից։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Վերջին շրջանում միջազգային առաջատար գրեթե բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են Արցախի շրջափակմանը: Այդ շարքում կարևոր տեղ ունի CNN-ի այսօրվա հրապարակումը, որի հեղինակի հարցերին պատասխանել եմ Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականից առաջ: Պատասխաններիս մի մասը տեղ է գտել նյութի մեջ, որը բավականին համակողմանիորեն ներկայացնում է իրավիճակը՝ և՛ քաղաքական, և՛ հումանիտար տեսանկյուններից:

Իմ հետևյալ շեշտադրումներն են ներկայացվել նյութում.

- «Ադրբեջանը շրջափակել է Արցախի Հանրապետությունը՝ մեր ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելու գլխավոր նպատակով».

- «Հաշվի առնելով Ադրբեջանի ցեղասպանական մտադրությունները և երկարատև հակահայկական ատելության համակարգված պետական քաղաքականությունը՝ մեր ժողովուրդը հիմնավոր մտահոգություն ունի Ադրբեջանից ծագող ցանկացած ապրանքի անվտանգության վերաբերյալ».

- «Ադրբեջանը մարդասիրական օգնություն տրամադրելու փորձեր ձևացնելու փոխարեն պետք է ապարգելափակի Լաչինի միջանցքը».

- «Ես հիասթափված եմ մինչ այժմ ԵՄ-ի և ԱՄՆ-ի արձագանքներից: Եվրոպայի և Ամերիկայի անգործության և ձախողումների հիմքում ընկած պատճառները հիմնականում աշխարհաքաղաքական են, որոնք ներառում են նաև Ադրբեջանից էներգետիկ կախվածությունը»,–ասվում է գրառման մեջ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1–ին հրաժարական է տվել։ Հարությունյանը հայտնել է, որ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ։

Հարությունյանը նշել է, որ այս վերջնական որոշումը կայացրել է երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իր շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ։ Նա հավելել է, որ դա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իր կողմից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---