Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանը կարևորել է կառույցի անխոչընդոտ գործունեությունն Արցախում

Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հանդիպմանը կարևորել է  կառույցի անխոչընդոտ գործունեությունն Արցախում

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ շրջանակում ունեցած հանդիպման ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Կարևորվել է միջազգային համապատասխան կառույցների հումանիտար հասանելիության ապահովումը Լեռնային Ղարաբաղ և մասնավորապես ԿԽՄԿ անխոչընդոտ գործունեությունը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով բեռների և անձանց անխափան տեղաշարժի ապահովման միջոցով:

Միրզոյանը շեշտել է 9-ամսյա շրջափակման, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ հարձակման հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերների հասցեագրման հրամայականը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։

 Ուշագրավ
---