Հայաստանի Ազգային պատկերասրահում կհնչի ուղղափառ հոգեւոր երաժշտություն

PanARMENIAN.Net - «Ողջ համաշխարհային հոգեւոր երաժշտությունը հիմնված է հայկական հոգեւոր երաժշտության վրա: Քանի որ մենք բազմիցս կատարել ենք հայկական հոգեւոր երաժշտություն, ապա «Ազգային պատկերասրահ» 5-րդ փառատոնին մենք որոշեցինք ներկայացնել քիչ հայտնի ռուսական ուղղափառ հոգեւոր երաժշտությունը»,- այդ մասին Պետական կամերային երգչախմբի ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը հայտնել է տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր «Ազգային պատկերասրահ» փառատոնի շրջանակներում երկրորդ համերգին:



Ուղղափառ հոգեւոր երաժշտության երեկոյի ժամանակ, որը տեղի կունենա ապրիլի 30-ին Հայաստանի Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում, կկատարվեն Իգոր Ստրավինսկու, Ալֆրեդ Շնիտկեի, Գեորգի Սվիրիդովի եւ Արվո Պյարտի ստեղծագործությունները:



«Փառատոնին մասնակցելու համար այս տարի մեր ընտրությունը կանգ է առել ռուսական ուղղափառ հոգեւոր երաժշտության կատարման վրա, եւ մենք երկու պրեմիերա կներկայացնենք հայ լսարանին: Դրանք են էստոնացի կոմպոզիտորի «Ապաշխարության աղոթքը», որը հոգեւոր ստեղծագործություն է գրել ռուսաց լեզվով, եւ Սվիրիդովի «Անճառելի հրաշք» ստեղծագործության օրիգինալ տարբերակը, որը շատ երկրներում կատարվում է փոփոխված տարբերակներով»,- ասել է Ռոբերտ Մլքեյանը կայացած մամլո ասուլիսի ժամանակ:



Որմնանկարների սրահի ոչ մեծ չափսերի պատճառով, որտեղ դժվար կլիներ տեղավորել համերգին ներկա գտնվելու բոլոր ցանկացողներին, «Ուղղափառ հոգեւոր երաժշտության երեկոն» Պետական կամերային երգչախմբի կատարմամբ հեռարձակվելու է «Արարատ» մշակութային հեռուստաալիքի ուղիղ եթերով:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---