17 հոկտեմբերի 2023 - 12:01 AMT
Modern Diplomacy․ Փաշինյանի պասիվ արձագանքը բացեց Ալիևի ախորժակը, Արևմուտքի մոտեցումը թույլ տվեց խուսափել պատասխանատվությունից

Modern Diplomacy ամսագիրը հրապարակել է Հրայր Բալյանի «Լեռնային Ղարաբաղի անկման համար պատաասխանատվությունը» հոդվածը, որտեղ նշվում է, որ աշխարհը չի կարող ձևացնել, թե չէր կանխատեսում դա։

Նշվում է, որ միջազգային հանրության կողմից միջազգային պարտավորությունների բազում խախտումների համար Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելը, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վրա կրկնվող հարձակումները, ինչպես նաև Լաչինի միջանցքի 9–ամսյա շրջափակումն Ադրբեջանին դրդեցին նոր ագրեսիա սկսել՝ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտում և ցեղասպանություն գործել։

Ըստ հեղինակի, Ադրբեջանը պետք է քրեական պատասխանատվություն կրի տեղի ունեցածի համար, իսկ Հայաստանի կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Լեռնային Ղարաբաղի կորստի համար քաղաքական պատասխանատվություն է կրում։

«Փաշինյանի պասիվ արձագանքը բացեց Ալիևի ախորժակը և նրա զգալի ռազմական զինանոցն ուղղեց Հայաստանի դեմ՝ պահանջելով երկրի հարավային Զանգեզուրի կամ Սյունիքի շրջանի մի մասը, որը Ալիևը կեղծ կերպով անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։

Այս ֆիասկոյի պատասխանատվությունը կրում է նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը։ ԱՄՆ–ն, Ֆրանսիան և Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, առաջ քաշեցին համապարփակ առաջարկներ, ներառյալ Մադրիդյան սկզբունքները 2008–ին՝ անորոշ ժամանակով երկարացնելու անկլավի փաստացի անկախ կարգավիճակը և, ի վերջո, հանրաքվեի միջոցով ճանաչելու նրա ինքնորոշման իրավունքը: Լեռնային Ղարաբաղի իշխանություններն անհեռատեսորեն մերժեցին առաջարկը, քանի որ այն պահանջում էր վերադարձնել անկլավի շրջակա տարածքները, որոնք ժամանակավորապես օկուպացված էին 1994 թվականին՝ որպես անվտանգության բուֆեր: Բաց թողնվեցին նաև այլ հնարավորություններ»,–ասվում է հոդվածում։

Անդրադառնալով Արևմուտիք դերին՝ հեղինակը գրել է, որ մինչ ԱՄՆ-ի և ԵՄ-ի լավատեսներն ակնկալում էին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի մինչև տարեվերջ, Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ և անկլավի հայերի էթնիկ զտումները ջնջեցին այդ վարդագույն կանխատեսումները:

Նշվում է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն նախընտրեցին աջակցել տարածքային ամբողջականությանն ու ինքնորոշմանը վերաբերող միջազգային օրենքների Ադրբեջանի մեկնաբանությանը՝ փաստացի հանդես գալով վերջինիս փաստաբանի դերում։

Նշվում է նաև, որ արդեն 2023–ի սեպտեմբերին Ալիևին թույլ տրվեց խուսափել պատասխանատվությունից «ուժն է ծնում իրավունք» սկզբունքով՝ հասկացնելով, որ ուժը կարող է ավելի կարևոր լինել, քան միջազգային նորմերը, և որ եթե մեկը ցանկանում է խաղաղություն, ապա պետք է պատրաստվի պատերազմի:

Հեղինակը գրում է, որ ՌԴ–ն, զբաղված լինելով Ուկրաինայում պատերազմով, չարձագանքեց նույնիսկ, երբ ադրբեջանցիները սպանեցին ՌԴ խաղաղապահ զորակազմի փոխհրամանատարին։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարելի է անել հիմա՝ Բալյանը նշել է, որ առաջին հերթին պետք է փախստականի կարգավիճակ տալ Արցախից բռնի տեղահանված հայերին և ՄԱԿՆ–ն ու միջազգային հանրությունը պետք է օգնություն ցուցաբերեն նրանց։

Ըստ նրա, պետք է պահպանվի բռնի տեղահանվածների ԼՂ վերադառնալու իրավունքը։

«Միջազգային հանրությունը պարտավոր է ապահովել, որ տները, որոնք լքել են այդ փախստականները, և նրանց ունեցվածքը չավերվի, չբռնագրավվի, չթալանվի կամ այլ կերպ չվնասվի:

․․․Լեռնային Ղարաբաղի առաջնորդները պետք է անհապաղ ազատ արձակվեն, առնվազն որպես վստահության ամրապնդման միջոց և այդ հարցում միջազգային հանրությունը, մասնավորապես ԱՄՆ-ը և ԵՄ-ն, պարտավոր են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։

Հզոր դիտորդական առաքելություն, ավելի մեծաքանակ, քան ԵՄ ներկայիս առաքելությունը, պետք է շտապ տեղակայվի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, որպեսզի թույլ չտա Ադրբեջանին հարձակվել հարավային Հայաստանի վրա՝ ինքնիշխան ՀՀ տարածքով դեպի Նախիջևան միջանցք ստեղծելու համար:

ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է համատեղ օգնեն Հայաստանին շտապ սահմանազատել Ադրբեջանի հետ սահմանները։ Բացի այդ, Հայաստանին պահանջվում է լայնածավալ միջազգային տնտեսական աջակցություն՝ վերջին ճգնաժամից դուրս գալու համար, հակառակ դեպքում՝ Հայաստանում կարող են ներքին անկարգություններ սկսվել։

Եվ, ինչն ավելի կարևոր է, ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է դադարեցնեն ռազմական օգնությունն ու վաճառքը Ադրբեջանին»,–ասվում է հոդվածում։