Փոխնախարար․ Կարևոր է, որ ՀՀ գործընկերները չփորձեն ի հաշիվ մեր շահերի երկկողմ օրակարգն առաջ մղել

Փոխնախարար․ Կարևոր է, որ ՀՀ գործընկերները չփորձեն ի հաշիվ մեր շահերի երկկողմ օրակարգն առաջ մղել

PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայտարարել է՝ ենթադրվում է, որ ադրբեջանական կողմը պետք է ներկայացնի իր դիրքորոշումը Գրանադայում հոկտեմբերի 5-ին առանց Ալիևի մասնակցության հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության վերաբերյալ՝ ընդգծելով, որ Հայաստանն այն համարում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղենիշ:

Շարունակելով հայ-ադրբեջանական բանակցությունների թեման ու անդրադառնալով մոսկովյան հարթակում հանդիպելու հնարավորությանը՝ Կոստանյանը նշել է. «Հայաստանը ցանկանում է խաղաղության հասնել», հայտնում է 1lurer.am–ը։

Միևնույն ժամանակ, ըստ փոխնախարարի, կարևոր է, որ «Հայաստանի գործընկերները, որոնց ներկայությամբ տեղի են ունենում քննարկումներն ադրբեջանական կողմի հետ, չփորձեն ի հաշիվ ՀՀ շահերի երկկողմ օրակարգն առաջ մղել»:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարին, փոխնախարարը շեշտել է՝ Հայաստանը պատրաստ է դրան, ու գնդակը Թուրքիայի դաշտում է:

Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով Փաշինյանը հերթական անգամ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,600 քկմ տարածքով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել համաժողովին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արձագանքելով սոցցանցերում շրջանառվող այն մտահոգություններին, թե «վարչապետը հանձնել է անկլավներն ու միջանցքը», Գրանադայում տեղի ունեցածն անվանել է «լուրջ հաղթանակ» հայկական կողմի համար։

 Ուշագրավ
---