Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանի իր ելույթում, անդրադառնալով ադրբեջանական ագրեսիային ԼՂ դեմ և դրան հաջորդած հայաթափմանը, ասել է, որ ոմանք ձևացնում են, թե չեն հասկանում՝ ինչու ԼՂ հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները, ինչը ցինիզմի է նման։
«Նման հարցադրումն ինքնին ցինիզմի է նման, պատասխանն ավելի քան պարզ է՝ Ադրբեջանը հստակ ի ցույց էր դրել հայերի կյանքը ԼՂ-ում անհնար դարձնելու իր որոշումը…
ՄԱԿ ԱԽ-ում ԼՂ–ում իրավիճակին առնչվող 3 քննարկում ենք նախաձեռնել, բայց դրանք որևէ գործնական արդյունք չունեցան, և հիմա ԼՂ-ն հայաթափված է։ ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100,000 հայ 1 շաբաթում լքեց Լեռնային Ղարաբաղը։ Եվս 20,000-ը ԼՂ-ից ստիպված էր եղել հեռանալ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, մի մասն էլ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պատճառով՝ ԼՂ վերադառնալու հնարավորություն չի ունեցել»,–ասել է նա։
Վարչապետը նշել է նաև, որ այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր հայեր Արցախից փախչում էին Հայաստան, անվտանգության ոլորտի դաշնակիցները «ՀՀ–ին ոչ միայն չէին օգնում, այլև այդ օրերին իշխանափոխության և ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին անում»։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։