Միլիարդավոր դոլարների զենք գնող Բաքուն Երևանից պահանջում է «վերջ դնել սպառազինման քաղաքականությանը»

Միլիարդավոր դոլարների զենք գնող Բաքուն Երևանից պահանջում է «վերջ դնել սպառազինման քաղաքականությանը»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն, խոսելով Ֆրանսիայի կողմից ՀՀ–ին սպառազինության վաճառքի մասին, հայտարարել է, թե «ՀՀ–ն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն սպառազինման քաղաքականությանը և տարածաշրջանի ռազմականացմանը»։

Ադրբեջանը միլիարդավոր դոլարների զենք ու զինամթերք է գնում, Թուրքիայից, Իսրայելից, այլ երկրներից, տասնյակ զորավարժություններ է անցկացրել իր տարածքում 44–օրյա պատերազմից հետո։

Նա ասել է, թե Ֆրանսիայի կողմից ռազմական տեխնիկայի մատակարարումը Հայաստանին կնպաստի «ապակառուցողական գործունեությանը տարածաշրջանում և Հայաստանի ռազմական ներուժի ամրապնդմանը», հայտնում է Haqqin.az-ը։

Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, թե Ֆրանսիան մեծ քանակությամբ «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան Վրաստանի տարածքով։

Հաջիզադեն նաև ասել է, թե Հայաստանն ու Ֆրանսիան «պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ տարածաշրջանում խաղաղությւանն ու համագործակցությանն այլընտրանք չկա»։

Հաջիզադեն կոչ է արել միջազգային հանրությանը դադարել զինել Հայաստանին, ինչպես նաև «դադարեցնել ոչ լեգիտիմ գործունեությունը, որը խոչընդոտում է խաղաղության հաստատմանը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովում»ունեցած իր ելույթում, խոսելով Ֆրանսիայի հետ համագործակցության մասին, ասել էր, որ յուրաքանչյուր ինքնիշխան երկիր հնարավորություն ունի ունենալ բանակ և ձեռք բերել զենքեր։

«Ես ասացի հնարավորություն, ես պետք է ասեի իրավունք։ Ադրբեջանը նույնպես գնում է հսկայական քանակի զենքեր։ Ադրբեջանի զենք ձեռք բերելու բյուջեն երեք անգամ ավելին է Հայաստանի համեմատ»,–ասել է նա։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---