Միրզոյանը տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել ԵՄ և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ![]() 23 նոյեմբերի 2023 - 10:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանում հավատարմագրված Եվրոպական Միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Հանդիպմանը Արարատ Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը: Նախարարն ընդգծել է, որ այն հիմնված է այն հիմնական սկզբունքների վրա, որոնք իրենց արտացոլումն են գտել նաև հոկտեմբերին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում կայացած քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ և վերաբերում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը, սահմանազատմանն ու տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը: Արարատ Միրզոյանը ԵՄ դեսպաններին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում դրված՝ տարածաշրջանում կապուղիների արդյունավետ ապաշրջափակման և շահավետ փոխկապակցվածության ձևավորման տեսլականը, ինչը կարող է նաև խաղաղության երաշխիք դառնալ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սեպտեմբերին իրականացված լայնածավալ ռազմական հարձակմանը և դրա հետևանքով ԼՂ լիակատար էթնիկ զտմանը՝ նախարար Միրզոյանը մասնավորապես նշել է Հայաստան բռնի տեղահանված ԼՂ հայության կարիքների և իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ընդգրկուն օրակարգի հարցերի շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և ԵՄ միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերին, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության առավել զարգացման հեռանկարներին: Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել օրեր առաջ Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության երկրորդ բարձրաստիճան նիստի անցկացմանը, Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությանը, ինչպես նաև Հայաստանում բարեփոխումների օրակարգին և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը ԵՄ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությանը՝ ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի 5-ի համատեղ հայտարարությանը համահունչ: Ըստ աղբյուրի՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման և մարդկանց միջև շփումների ակտիվացման համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի ուղղությամբ առկա դրական դինամիկան վերջնական որոշման կայացմանն ուղղորդելու կարևորությունը: Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |