Ալավերդցիներն արտահերթ ընտրություններ են պահանջում․ Համայնքապետին անվստահություն են հայտնել՝ ընտրելով ՔՊ թեկնածուի

Ալավերդցիներն արտահերթ ընտրություններ են պահանջում․ Համայնքապետին անվստահություն են հայտնել՝ ընտրելով ՔՊ թեկնածուի

PanARMENIAN.Net - Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու 27 անդամից 14-ն լարված իրավիճակում անվստահություն է հայտնել համայնքապետ Արկադի Թամազյանին, պաշտոնում ընտրվել է ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

Ալավերդցիները շրջափակել են համայնքապետարանի մուտքը և պահանջում են արտահերթ ընտրություններ։ Նրանք ավագանու ՔՊ անդամներից պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել, և իրենց փոխարեն չորոշել, թե ով պետք է ղեկավարի համայնքը, հայտնում է Aysor.am-ը։

«Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելն ապօրինի է, եթե իրենք այդ դուխն ունեն, թող գնանք արտահերթ ընտրությունների, եթե վստահ են, որ նրանք իշխանություն ունեն։ Նրանք չունեն այդ իշխանությունը, չեն կարող ընտրվել և ձեր օգնությամբ են դա անում»,-ասել է բնակիչներից մեկը։

Հավաքվածները շենքի ներսում գտնվող ավագանու ՔՊ անդամներին դուրս էին հրավիրում՝ գոռալով՝ «դա-վա-ճա՛ն, դա-վա-ճա՛ն»։

Ոստիկանները շրջափակել են շենքը՝ թույլ չտալով բնակիչներին ներս մտնել, որոնք հավաքվել են շենքի մոտ՝ ի պաշտպանություն արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանի, գրում է Sputnik Արմենիան։

Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանն ասել է, որ պատրաստվում է կատարվածը բողոքարկել դատական կարգով։

2022–ի սեպտեմբերի 25–ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել էին 13–ական մանդատ, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» չէր հաղթահարել անցողիկ շեմը։ Սակայն ՀԱԿ–ը 1 մանդատ ստացավ, որովհետև, օրենքի համաձայն, համայնքի կառավարումը պետք է կազմված լինի երեք ուժից։ Հոկտեմբերի 12–ին Ալավերդու նորընտիր ավագանու առաջին նիստում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանն Ալավերդու համայնքապետ ընտրվեց։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից նրա մրցակիցը ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն էր։

 Ուշագրավ
---