ԱԱԾ տնօրեն Աբազյանը նախ ազատվել է պաշտոնից, ապա՝ վերանշանակվել

ԱԱԾ տնօրեն Աբազյանը նախ ազատվել է պաշտոնից, ապա՝ վերանշանակվել

PanARMENIAN.Net - ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ազատվել է պաշտոնից։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-2-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի. Արմեն Աբազյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Վարչապետի որոշմամբ Աբազյանը վերանշանակվել է նույն պաշտոնում։

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատումը և վերանշանակումը պայմանավորված է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի փոփոխություններով: Այդ մասին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տեղեկացնում է Արմենպրեսը։

Նշվել է, որ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններից հետո օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և տեղակալներն ազատվում են զինվորական ծառայության պաշտոններից և նշանակվում են՝ որպես հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք:

Աբազյանը ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2020 թ. նոյեմբերի 8-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Միքայել Համբարձումյանին։

 Ուշագրավ
---