Ընտրողների թիվն Երեւանում աճել է ընդամենը 7570-ով

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօր տարածած մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ մի շարք լրատվամիջոցներ շարունակ հրապարակում են անհիմն տեղեկություններ այն մասին, թե իբր 2008 թ-ի նախագահական ընտրությունների համեմատ Երեւանի ավագանու ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը կտրուկ աճել է: Մեջբերվում են ԶԼՄ-ների այն հաղորդագրությունները, թե «այդ էլ այն պարագայում, երբ նախագահական ընտրություններին ընտրողների ցուցակներում ընդգրկված էին նաեւ ժամկետային զինծառայողները»:



Ի պատասխան ԿԸՀ մամլո քարտուղար Տաթեւ Օհանյանը հայտարարել է, որ «ՀՀ ընտրողների ռեգիստրում երբեք եւ ոչ մի անգամ ներառված չի եղել ժամկետային որեւէ զինծառայողի անուն-ազգանուն, ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թվի մեջ երբեք եւ ոչ մի անգամ ներառված չի եղել ժամկետային զինծառայողների թիվը»:



ՀՀ ընտրողների ռեգիստրում 01.01.2009 թ.-ի դրությամբ ընդգրկված քաղաքացիների թիվը կազմել է 2 372 021, այդ թվում` Երեւանում` 763 783: «20.04.2009 թ.-ի դրությամբ Երեւան քաղաքի ընտրողների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը կազմել է 771 353: 01.01.2009 թ-ի համեմատ ՀՀ-ում ընտրողների թիվն աճել է 19 942-ով, այդ թվում` Երեւան քաղաքի ընրողների թիվը` 7570-ով, որից 2511-ը` Երեւանի ավագանու ընտրություններին ընտրելու իրավունք ուեցող ոչ ՀՀ քաղաքացիներ են»,-ասվում է ՀՀ ԿԸՀ մամլո հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
---