Սպառողն առաջին հերթին ինքը պետք է պաշտպանի իր իրավունքները

PanARMENIAN.Net - Սննդի անվտանգության ապահովման ոլորտում անհնար է հաջողության հասնել առանց պետմարմինների եւ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների համագործակցության, PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ու անասնաբուժության պետական տեսչության տեղեկատվության ու իրավական ապահովման բաժնի պետ Սուսաննա Մինասյանը: «Այս ոլորտում առաջին հերթին անհրաժեշտ է պետմարմինների եւ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների համագործակցություն»,-ասել է նա:



Նրա խոսքերով, այդ համագործակցության շրջանակներում այսօրվա դրությամբ սպառողների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունն արդեն որոշակի հաջողությունների է հասել, սակայն կան շատ խոչընդոտներ, որոնք խանգարում են այդ համագործակցության ընդլայնմանը: «Հիմնականում դա քաղաքացիների անտեղյակությունն է»,-հավելել է նա: Այս առնչությամբ Մինասյանը նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է նվազագույն գիտելիքներ ունենա, որոնք թույլ են տալիս պաշտպանել սպառողին անորակ արտադրանքից: «Որակյալ եւ անվտանգ սնունդ հասկացությունները միշտ չէ, որ համադրելի են, քանի որ ապրանքը կարող է անվտանգ լինել, բայց ոչ որակյալ, եւ հակառակը: Մենք այժմ խոսում ենք սննդի անվտանգության մասին, որը օգտագործման դեպքում չի վնասի օրգանիզմին»,-հավելել է բաժնի պետը: Ըստ բաժնի պետի, յուրաքանչյուր մարդ պետք է առաջինն ինքը պաշտպանի իր իրավունքները: «Սպառողը խանութում գոնե պետք է ուշադրություն դարձնի պիտանելիության ժամկետին եւ պիտակին, քանի որ այդ պահին ոչ ոք նրա փոխարեն դա չի անի` ոչ պետությունը, ոչ հասարակական կազմակերպությունը, ոչ էլ այլ մեկը»,-ասել է Մինասյանը:



Երեւանում «Առավել թափանցիկություն եւ հաշվետվողականություն սննդի սերտիֆիկացման եւ փորձարկման ոլորտում» թեմայով կլոր սեղան է տեղի ունեցել, որին մասնակցել են գյուղատնտեսության, առողջապահության, սերտիֆիկացման եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---