ԵՊՀ-ն և Ucom-ը գործակցության հուշագիր են կնքել

ԵՊՀ-ն և Ucom-ը գործակցության հուշագիր են կնքել

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, կարևորելով գործընկերության և համագործակցության դերն ուսանողների կրթության և մասնագիտացման գործում, հունիսի 7–ին ստորագրել են գործակցության հուշագիր։

Ըստ դրա՝ ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներում ներգրավվելու են նաև Ucom ընկերության փորձառու աշխատակիցները։ Բացի դրանից՝ ընկերությունը կազմակերպելու է ԵՊՀ ուսանողների պրակտիկան։

Երկու կառույցները համատեղ կազմակերպելու և անցկացնելու են բաց դասեր, սեմինարներ ու քննարկումներ։ Հուշագրով նախատեսված է նաև, որ ընկերությունը, ըստ նպատակահարմարության և իր հայեցողությամբ, թեստավորման և հարցազրույցների արդյունքում լավագույն ուսանողներին ապահովելու է աշխատանքով։

«Ես համոզված եմ, որ այս հուշագիրը կընձեռի նոր հնարավորություններ մեր ուսանողների համար։ Այն կամրապնդի կապը ակադեմիական և գործնական ոլորտների միջև՝ ապահովելով առավել բարենպաստ պայմաններ գիտելիքների և մասնագիտական հմտությունների զարգացման համար։ ԵՊՀ-ն մշտապես ձգտում է ապահովել ուսանողներին բարձրորակ կրթությամբ, և Ucom ընկերության հետ այս համագործակցությունը մեզ թույլ կտա նորարարական լուծումներով և տեխնոլոգիաներով հարստացնել մեր կրթական ծրագրերը»,- ասել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

«Այսօր աշխարհում բոլորը գիտեն, որ ցանկացած ընկերության հաջողություն կախված է աշխատակիցներից, ներգրավված տաղանդներից։ Հայաստանում էլ շատ կարևոր է աշխատել երիտասարդների հետ, պատրաստել նրանց հետագա կարիերայի կառուցմանը։ Մենք Ucom-ում հավատացած ենք, որ պետք է մեր ներդրումն ունենանք այսօրվա ուսանողների գործնական ապագայի մեջ և դրա համար էլ ուրախ ենք հաստատել այս համագործակցությունը Երևանի պետական համալսարանի հետ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը կլինի արդյունավետ՝ ընձեռելով նոր հնարավորություններ ու հաջողություններ ինչպես ուսանողների, այնպես էլ երկու կառույցների համար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---