Ռուբինյանը «լավ է» գնահատել սահմանին կայացած հանդիպումը, Քըլըչը՝ «կառուցողական»

Ռուբինյանը «լավ է» գնահատել սահմանին կայացած հանդիպումը, Քըլըչը՝ «կառուցողական»

PanARMENIAN.Net - Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ հուլիսի 30–ին հանդիպմանը սահմանին, այն «լավ» է որակել։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Լավ հանդիպում ունեցա Քըլըչի հետ հայ–թուրքական սահմանին։ Հաստատել ենք ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները և համաձայնեցրել վստահության ամրապնդման նոր միջոցները, այդ թվում՝ երկրների միջև երկաթուղային հաղորդակցության ապահովման տեխնիկական պահանջների գնահատումը»,–ասվում է գրառման մեջ։

Հանդիպմանն անդրադարձել է նաև թուրք ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ՝ այն գնահատելով «կառուցողական»: Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

Նա նշել է, որ հանդիպման մի մասն անցել է հայկական կողմում, մյուսը՝ թուրքական:

«Հինգերորդ հանդիպումն անցկացրել ենք Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանամերձ հատվածում․ առավոտյան հայկական կողմում, օրվա երկրորդ կեսին՝ թուրքական։ Կառուցողական հունում քննարկել ենք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտներն ու հետագա առաջընթացի հնարավորությունները»,–ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար:

 Ուշագրավ
---