Էրդողան․ Ուշադիր հետևում ենք հայ-ադրբեջանական բանակցություններին

Էրդողան․ Ուշադիր հետևում ենք հայ-ադրբեջանական բանակցություններին

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո ունեցած ելույթում, անդրադառնալով հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայացած Տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների ընդունելությանը, ասել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական բանակցություններին։

«Մենք մոտիկից հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի անկեղծ ջանքերին այս ուղղությամբ: Մեր ցանկությունն է ստանալ ուրախալի և բարի լուրեր հնարավորինս շուտ՝ առանց հնարավորություն տալու գործընթացը խափանել փորձող ուժերին»,-ասել է նա:

Խոսելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմի մասին՝ նա հայտարարել է, որ դրանից հետո Հարավային Կովկասում մշտական խաղաղությանն ուղղված բացառիկ հնարավորություն է ստեղծվել, գրում է Ermenihaber-ը։

Այս համատեքստում Էրդողանը մեղադրել է Հայաստանին իբր նախկինում ադրբեջանական հողերի «օկուպացման» մեջ, միևնույն ժամանակ նշել, որ Թուրքիան շարունակելու է աջակցել խաղաղության հաստատմանը՝ «ադրբեջանցի եղբյարների հետ համակարգմամբ»:

«Նկատում ենք, որ հարթակը, որը «տարածաշրջանին տեր կանգնելու» (regional ownership) մեր ըմբռնման ամենահստակ օրինակներից է, բավարարում է կարևոր մի կարիք: Առաջիկա ժամանակահատվածում մենք ցանկանում ենք այս մեխանիզմը ինստիտուցիոնալ կառուցվածքի վերածել»,–ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---