Democracy for Sale․ Ադրբեջանը մոտ $5 մլն է վճարել լոբբիստներին՝ COP29-ից առաջ իր ավտորիտար իմիջը մաքրելու համար

Democracy for Sale․ Ադրբեջանը մոտ $5 մլն է վճարել լոբբիստներին՝ COP29-ից առաջ իր ավտորիտար իմիջը մաքրելու համար

PanARMENIAN.Net - Ավստրալական Democracy for Sale կազմակերպությունը հետաքննություն է հրապարակել, որում ասվում է, որ Ադրբեջանը 4.7 միլիոն դոլար է վճարել Teneo միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ «օգնելու Ադրբեջանի ավտորիտար վարչակարգին բարելավել իր իմիջը ՄԱԿ-ի COP կլիմայական գագաթնաժողովից առաջ»:

Լոբբիստական Teneo հսկան, որում աշխատում է Լեյբորիստական կուսակցությունից մշակույթի նախկին նախարար Բեն Բրեդշոուն, որը նաև Բորիս Ջոնսոնի բիզնեսի նախկին ղեկավարն է, ստացել է յոթամսյա պայմանագիր, որը, ըստ ամենայնի, օգնելու է նավթով հարուստ պետությանը «մաքրել» իր հեղինակությունը, հայտնում է Factor.am-ը։

Democracy for Sale-ի կողմից iPaper-ի և SourceMaterial-ի հետ համատեղ իրականացված հետաքննությունը պարզել է, որ Teneo-ի պայմանագրով նախատեսվում է Մեծ Բրիտանիայի խորհրդատուներից մեկին վճարել «ամսական 25,000 դոլար՝ գումարած բոնուսները, ընդհանուր՝ 50,000 դոլարի չափով»։

Teneo-ի լոբբիստական թիմը ներառում է Բորիս Ջոնսոնի նախկին գլխավոր բիզնես խորհրդատու Ալեքս Հիքմանին։ Ըստ ԱՄՆ փաստաթղթերի՝ Teneo-ն կտրամադրի «մեդիա ուսուցում» և խորհուրդներ կտա «պատմությունների զարգացման» վերաբերյալ COP գագաթնաժողովը հյուրընկալողներին: Լոբբիստական ընկերության աշխատանքը կղեկավարի դրա Գլոբալ ռազմավարության նախագահ Ջեֆ Մորելը, որը նավթային հսկա BP-ի նախկին ղեկավարն է։ Վերջինն իր հերթին Ադրբեջանի ամենամեծ օտարերկրյա ներդրողն է:

Կլիմայական արշավի խմբերը մեղադրել են Teneo-ին Ադրբեջանին օգնելու համար՝ «մաքրելու» իր իմիջը:

«Այն ընկերությունները, որոնք օգնում են նավթային պետություններին, ինչպիսին է Ադրբեջանը, մեղսակից են նրանց իմիջի մաքրմանը», ասել է Global Witness-ի ավագ հետաքննող Լելա Սթենլին։

«Հստակ շահերի բախում է, երբ PR ընկերությանը վճարվում է ինչպես նավթի, այնպես էլ գազի հաճախորդներին սպասարկելու համար, որոնք նպաստում են կլիմայական ճգնաժամին, և ընդունող կառավարությանը, որը հանձնարարված է վերահսկել առաջիկա միջազգային կլիմայական բանակցությունները»,- իր հերթին ասել է Մտահոգ գիտնականների միության ակտիվիստ Քեթի Մալվին։

Ադրբեջանը մեղադրվում է մարդու իրավունքների և լրատվամիջոցների ազատության դեմ ճնշումներն ուժեղացնելու համար՝ այն բանից հետո, երբ ընտրվել է որպես կլիմայական աշխարհի ամենակարևոր համաժողովը հյուրընկալող երկիր։

Թե Teneo-ն, թե Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել են մեկնաբանություններ տալ։

COP29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---