Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատն Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել

Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատն Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել

PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը երեք բանաձև է ընդունել՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումների, ժողովրդավարական արժեքների արհամարհման և քաղաքացիական ազատությունների սահմանափակման վերաբերյալ, ինչպես նաև Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետերի պաշտոնազրկումների և դրանց՝ ժողովրդավարությանը սպառնալիք հանդիսանալու վերաբերյալ։

Պալատը բանաձևերն ընդունել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտգործնախարար Գզավիյե Բետելի կողմից արտաքին քաղաքականության վերաբերյալ հռչակագրի ներկայացումից հետո, տեղեկացնում է Արմենպրեսը։

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բանաձևի հիմքում են մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի, Amnesty International-ի և Human Rights Watch-ի զեկույցները, որոնք մատնանշում են Ադրբեջանում քաղաքացիական իրավունքների և ազատությունների խախտումները, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախկինում ընդունած բանաձևերը:

Բանաձևը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ 76 պատգամավորների, այդ թվում՝ լյուքսեմբուրգցի պատգամավորներ Օկտավի Մոդերի և Իվ Կրուխտենի, «անցանկալի անձ» հայտարարելու որոշումը, կոչ է անում ադրբեջանական վարչակազմին հարգել մարդու իրավունքները և ժողովրդավարական արժեքները, ապահովել քաղաքացիական հասարակության ազատ գործունեությունը։ Բանաձևը Լյուքսեմբուրգի իշխանություններին կոչ է անում Ադրբեջանի հետ հարաբերությունների հիմքում դնել այս պահանջների իրագործումը։

Ընդունած բանաձևով Պալատը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող պատժամիջոցները, պահանջում անհապաղ և առանց նախապայմանների ազատել անօրինաբար պահվող բոլոր անձանց։

Նույն պահանջով է հանդես գալիս ընդունված մեկ այլ բանաձև, որը ևս կոչ է անում Լյուքսեմբուրգի կառավարությանը՝ ի թիվս այլ միջոցառումների, աջակցել Ադրբեջանում քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձանց անհապաղ և անվերապահ ազատմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։

Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի ուշադրության կենտրոնում է եղել նաև Թուրքիան և այդ երկրում առկա իրավիճակը՝ կապված ընդդիմադիր ուժերի նկատմամբ ճնշումների հետ։ Ընդունած բանաձևով խորհրդարանականները դատապարտում են Թուրքիայի ընդդիմադիր քաղաքապետերի պաշտոնազրկումները՝ դրանք համարելով սպառնալիք ժողովրդավարության համար։ Բանաձևը Լյուքսեմբուրգի կառավարությանը կոչ է անում ժողովրդավարական սկզբունքների պահպանման կարևորությունն ընդգծելուն ուղղված նախաձեռնողական երկխոսություն սկսել։

Ընթերցեք նաև․ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Բաքվից բանաձևով պահանջել է անհապաղ ազատել անօրինական բանտարկվածներին

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---