ԱԳ նախարարը և ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրները

ԱԳ նախարարը և ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրները

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած հանդիպմանը անդրադարձ են կատարել Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերին:

Քննարկվել են նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված քայլերին և միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ փոխգործակցության հարցերի:

Ի թիվս այլնի, քննարկվել են Հայաստանում 2026թ. կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներն ու ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ համագործակցության հարցեր:

Արարատ Միրզոյանը և Ֆղանսուազ Ժակոբը մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին ՄԱԿ գործունեության արդյունավետության ապահովման հարցերին՝ կազմակերպության մանդատին ու նպատակներին համահունչ:

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
---