ՀԲ․ Տնտեսական աճը ՀՀ–ում դանդաղել է՝ նոյեմբերին կազմելով ընդամենը 1.2 տոկոս

ՀԲ․ Տնտեսական աճը ՀՀ–ում դանդաղել է՝ նոյեմբերին կազմելով ընդամենը 1.2 տոկոս

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը՝ ներկայացնելով նոյեմբերին արձանագրված տնտեսական իրավիճակի հիմնական ցուցանիշները։ Համաձայն ներկայացված տվյալների՝ տնտեսական աճը դանդաղել է՝ նոյեմբերին կազմելով ընդամենը 1.2 տոկոս (տ/տ՝ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ)։

Դրա հիմնական պատճառներից է արդյունաբերության 19 տոկոսով նվազումը, որի վրա զգալի ազդեցություն է թողել մշակող արդյունաբերության 24.4 տոկոսով և հանքարդյունաբերության 6.9 տոկոսով կրճատումը։ Մասնավորապես, գունավոր մետաղների արտադրությունը նվազել է 70 տոկոսով, հայտնում է Արմենպրեսը։

Միևնույն ժամանակ, որոշ ոլորտներում աճ է արձանագրվել․ ծառայությունների ոլորտում (բացառությամբ առևտրի) աճը հասել է 10.4 տոկոսի (տ/տ), իսկ շինարարությունը և առևտուրը պահպանել են երկնիշ աճի տեմպերը։ Հունվար-նոյեմբեր ամիսներին աճողական տնտեսական ցուցանիշը կազմել է 7.4 տոկոս, ինչին նպաստել է առևտրի 18 տոկոս աճը։

Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքերը նոյեմբերին կրճատվել են 14.3 տոկոսով (ա/ա), հատկապես Ռուսաստանից (6.2 տոկոս, ա/ա), ԱՄՆ-ից (6.4 տոկոս, ա/ա) և այլ երկրներից (69 տոկոս, ա/ա)։ Տարեկան կտրվածքով (տ/տ) այս նվազումը կազմել է 21.7 տոկոս՝ պայմանավորված Ռուսաստանից փոխանցումների զգալի անկումով։

Գնաճը դեկտեմբերին հասել է 1.5 տոկոսի (տ/տ), ինչը 2023-ի ապրիլից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները դեկտեմբերին բարձրացել են 2 տոկոսով (տ/տ), իսկ առողջապահության ոլորտում գները՝ 3.2 տոկոսով։ Միևնույն ժամանակ, հագուստի և կոշկեղենի գները նվազել են 2.6 տոկոսով, կահույքի և կենցաղային տեխնիկայի գները՝ 2.5 տոկոսով, իսկ բնակարանային-կոմունալ տնտեսության ծառայությունների գները՝ 0.2 տոկոսով։

Նոյեմբերին արտահանման ծավալները նվազել են 35 տոկոսով (տ/տ), ինչը հետևել է հոկտեմբերին գրանցված 23.6 տոկոս աճին։ Ներմուծումը նույնպես նվազել է 21.4 տոկոսով (տ/տ)։ Այս անկումները հիմնականում պայմանավորված էին թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի վերաարտահանման նվազումով՝ 64.6 տոկոս արտահանման և 70.6 տոկոս ներմուծման անկումով։ Սակայն, բացառությամբ այդ ապրանքախմբերի, արտահանման մնացած հատվածում 32 տոկոս աճ է արձանագրվել։

ՀՀ դրամը դեկտեմբերին փոքր-ինչ արժեզրկվել է՝ դոլարի նկատմամբ 0.5 տոկոսով, իսկ ռուբլու նկատմամբ՝ 1.4 տոկոսով։ Ամսվա վերջի դրությամբ միջազգային պահուստները կազմել են 3.7 միլիարդ ԱՄՆ դոլար։

Նոյեմբերին բյուջեի պակասուրդը նվազել է՝ կազմելով 20.7 միլիարդ դրամ, մինչդեռ հոկտեմբերին այն կազմել էր 138.5 միլիարդ դրամ։ Հարկային եկամուտները նոյեմբերին աճել են 11.1 տոկոսով (տ/տ), բայց շահութահարկերը նվազել են 32 տոկոսով։ Ընդհանուր ծախսերը նվազել են 0.8 տոկոսով, հիմնականում պաշտպանության ոլորտում 45.2 տոկոսով ծախսերի կրճատման հետևանքով։

Համաշխարհային բանկը նշում է, որ Հայաստանի տնտեսական զարգացումը 2024-ին բախվել է մի շարք մարտահրավերների, որոնք կապված են արդյունաբերության անկման, արտահանման և ներմուծման կրճատման և գնաճի աճի հետ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---