ՌԴ նախագահին կից Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Եվա Մերկաչևան հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող էր հանդես գալ ի պաշտպանություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որը ձերբակալվել է Ադրբեջանի իրավապահների կողմից 2023 թվականին:
Նա նշել է, որ Փաշինյանը կարող էր ակտիվորեն մասնակցել Վարդանյանի դատավարությանը՝ հաշվի առնելով նրա նշանակալի մարդասիրական գործունեությունը Հայաստանում, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Բայց այսօր Հայաստանի իշխանությունները ոչ մի ջանք չեն գործադրել իրենց քաղաքացիների պաշտպանության համար: Ավելին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ստիպում են մտածել, որ նրանց համար սա ավելի շուտ քաղաքական մրցակցության հարց է, քան մարդկանց ճակատագրերի լուծում», — ասել է նա:
Մերկաչևան ասել է, որ Վարդանյանին չի կարելի է հավասարեցնել ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին։
«Նա քաղաքացիական անձ է, չի մասնակցել Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողություններին և տեղափոխվել է չճանաչված հանրապետություն արդեն ռազմական գործողությունների ավարտից հետո»,–ասել է ՌԴ նախագահին կից խորհրդի անդամը։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում կայացել է Արցախի ղեկավարների գործով դատավարության առաջին նիստը։
Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին իր ուղերձում նշել է, որ ձերբակալման օրվանից ոչ մի ցուցմունք չի տվել, բացի իր անուն-ազգանունից։ Նա ընդգծել է, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են և հաստատել է, որ իրեն, իր փաստաբանին ու թարգմանչին ենթարկել են ճնշումների։