Գրոնո․ Բաքվում հանդիպումների ժամանակ լսել եմ հայտարարություններ, որոնք տարբերվում են հանրային տիրույթում ելույթներից![]() 3 փետրվարի 2025 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն կարևորել է տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովումը` հավելելով, որ Եվրամիության համար շատ կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը շարունակվի հանգիստ և դրական միջավայրում՝ հիմնվելով տարբեր ձևաչափերում, իսկ վերջերս նաև երկկողմ հարթությունում առկա ձեռքբերումների ու հաջողությունների վրա: Նա նշել է, որ Բաքվում իր հանդիպումների ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաներից լսել է հայտարարություններ, որոնք տարբերվել են նրանց հրապարակային ելույթներից՝ Հարավային Կովկասում խաղաղության հարցում, հայտնում է Արմենպրեսը։ «Բաքվում քննարկումների ընթացքում լսեցի հուսադրող հայտարարություններ տարածաշրջանում խաղաղության և կայունության վերաբերյալ. դրանք հաճախ տարբերվում էին այն ամենից, ինչ լսել ենք հանրային տիրույթում, մասնավորապես՝ երկու երկրների միջև կարգավորման գործընթացի շարունակության վերաբերյալ: Կարծում եմ՝ կարգավորման առաջին կարևոր փուլն արդեն արդյունքներ է տալիս. Ադրբեջանն ու Հայաստանն ունեն երկխոսության կանոնակարգված ձևաչափ՝ համատեղ համաձայնեցված հստակ հիմքով և շրջանակով: Հիմա ժամանակն է դրսևորելու այն քաղաքական կամքը, որն անհրաժեշտ է հակամարտության էջը վերջնականապես շրջելու, բոլոր չլուծված հարցերի համար փոխընդունելի լուծումներ գտնելու և տարածաշրջանի բոլոր բնակիչների համար խաղաղ ու առավել բարգավաճ կյանք ապահովելու համար»,–ասել է նա։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի զինման հարցի հետ կապված պահանջներին՝ Գրոնոն նշել է, որ Բաքվում իր զրուցակիցները ներկայացրել են իրենց տեսլականը՝ ընդգծելով, որ «հակամարտությունը կարգավորվել է», «իրավիճակը կայուն է», և որ «ուժի կիրառման մտադրություն չկա»։ Նա հավելել է, որ սահմանազատման գործընթացում ձեռք բերված առաջընթացը դրական ազդակ է, ինչը հույս է տալիս, որ նման դինամիկան կշարունակվի նաև այլ ուղղություններով, ներառյալ խաղաղության պայմանագրի նախագիծը, հաղորդակցության ուղիների վերաբացումը և մարդասիրական հարցերի լուծումը։ Ադրբեջանի կողմից ԵՄ դիտորդական առաքելության դեմ հնչեցված մեղադրանքներին անդրադառնալով՝ Գրոնոն նշել է, որ Բաքվում իր հանդիպումների ընթացքում պարզաբանել է, որ ԵՄ առաքելությունը տեղակայվել է Հայաստանի կառավարության ինքնիշխան դիմումի հիման վրա։ Նա ընդգծել է, որ «լրտեսական գործունեության» կամ ապակայունացման հետ կապված բոլոր պնդումները ապատեղեկատվություն են, և առաքելությունը, որը հանդիսանում է բացառապես քաղաքացիական ու չզինված կառույց, շարունակում է գործել իր սահմանված մանդատի շրջանակում։ Երևանում ունեցած հանդիպումների վերաբերյալ Գրոնոն ընդգծել է, որ հայկական կողմի դիրքորոշումը շարունակում է մնալ կառուցողական՝ ուղղված խաղաղության հաստատմանը։ Նրա գնահատմամբ՝ չնայած գործընթացը դեռևս ունի մարտահրավերներ, Հայաստանի իշխանությունները վճռականորեն առաջ են շարժվում դեպի կայունության հաստատում։ Խոսելով ԵՄ-ի առաջիկա քայլերի մասին՝ Գրոնոն նշել է, որ Եվրամիությունը շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական երկխոսությանը՝ կենտրոնանալով նաև հումանիտար խնդիրների, մասնավորապես՝ ականազերծման և անհայտ կորածների որոնման վրա։ Տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակման համատեքստում Գրոնոն անդրադարձել է Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ընդգծելով, որ դրա հիմնական գաղափարները ընդունելի են, սակայն գործնական մանրամասները դեռ պետք է համաձայնեցվեն։ Նա հույս է հայտնել, որ առաջիկայում Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան պայմանավորվածության հասնել հաղորդակցության ուղիների վերաբացման հարցում։ Հունվարի 16-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն է ձեռք բերվել սահմանազատման նոր հատվածի շուրջ։ Համաձայնությունը նախատեսում է աշխատանքների մեկնարկ հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և շարունակություն հարավային ուղղությամբ՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը Իրանի հետ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |