Տիրան Խաչատրյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգվում է

Տիրան Խաչատրյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգվում է

PanARMENIAN.Net - Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Տիրան Խաչատրյանի կալանքի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը դատարանը հետաձգել է 10 օրով։ Որոշումը նախատեսվում էր հրապարակել փետրվարի 3–ին։

Նրա պաշտպանական խումբը հայտարարել է, որ այս ընթացքում Խաչատրյանը շարունակում է «գտնվել ակնհայտ ապօրինի կալանքի տակ»։

Իրավապահներն ավելի վաղ հայտնել են, որ Խաչատրյանը, որ 44 օրյա պատերազմի ընթացքում զորքերի հարավային խմբավորման հրամանատարն էր, անփույթ է եղել իր ծառայողական պարտականությունների հարցում՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով և մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել մի շարք անհրաժեշտ միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Մոտ 5 տարվա քննությունից հետո իրավապահները եզրակացրել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Ազգային հերոսի կոչմանն արժանացած գեներալ Տիրան Խաչատրյանը 44-օրյա պատերազմի ընթացքում ձախողել է իրեն վստահված բնագծի պաշտպանությունը: Ըստ Քննչական կոմիտեի՝ գեներալն իրեն վերապահված առաջադրանքը տապալել է հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում։ Վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 20-ին, այսինքն՝ դրանից ընդամենը մի քանի օր անց է որոշել՝ Տիրան Խաչատրյանին պետք է Ազգային հերոսի կոչում շնորհել։

 Ուշագրավ
---