Գալստյան․ Վարկային պրոդուկտների նկատմամբ հսկայական պահանջարկը թույլ չի տալիս տոկոսադրույքների էական ճշգրտում

Գալստյան․ Վարկային պրոդուկտների նկատմամբ հսկայական պահանջարկը թույլ չի տալիս տոկոսադրույքների էական ճշգրտում

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ վարկային պրոդուկտների նկատմամբ առկա բարձր պահանջարկը թույլ չի տալիս տոկոսադրույքների էական ճշգրտում։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը կազդի բանկային համակարգի տոկոսադրույքների նվազեցման վրա, հայտնում է «Առավոտը»։

«Մյուս ֆենոմենը, որի հետ մենք գործ ունենք, վարկային պրոդուկտների նկատմամբ հսկայական պահանջարկն է, ինչը թույլ չի տալիս տոկոսադրույքների էական ճշգրտում։ Այսօր, երբ մենք նայում ենք կոնկրետ կշիռները և հարաբերակցությունները վարկային պորտֆելի մեջ, տեսնում ենք, որ կա հիփոթեքային և սպառողական վարկերի էական աճ դեկտեմբերին, և այդ աճի ֆոնի վրա է, որ տոկոսադրույքները պահպանվում են նույն մակարդակի վրա։ Եթե պատկերացնեք տեսակարար կշռով ավելի բարձր տոկոսադրույք ունեցող վարկային պրոդուկտների ծավալը մեծացել է, և եթե նույնն է մնացել ընդհանուր տոկոսադրույքը, բնականաբար դա պետք է կոմպենսացվեր բիզնես վարկերի ոլորտում տրված տոկոսներով»,- ասել է նա մամուլի ասուլիսում։

Գալստյանը հավելել է, որ ԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքը հստակ ազդեցություն ունի պետական պարտատոմսերի կարճաժամկետ հատվածի վրա։

«Մենք ունենք կորի էական նվազում։ Այսինքն՝ ինչքան էլ տոկոսադրույքը ցածր է, երկարաժամկետ հատվածում որոշակի բարձր տոկոսադրույքներ են ձեռք բերում մեր պետական պարտատոմսերը, որը նաև ուղղորդիչ է մյուս բոլոր ֆինանսական պրոդուկտների տեսանկյունից»,–ասել է նա։

Նրա խոսքով՝ 2024 թվականի դեկտեմբերին հիփոթեքային վարկերի ծավալների զգալի աճը պայմանավորված է նաև Երևանից եկամտային հարկի վերադարձի ծրագրի ելքով։

«Մարդիկ, որոնք ուզում էին ձեռք բերել բնակարան, փորձել են հասցնել ձեռք բերել»,–ասել է նա։

Լրագրողների այն հարցին, թե սպասվում է արդյոք աճի դանդաղում, ԿԲ ղեկավարը խուսափել է կանխատեսումներ անել։ Նա նաև չի մեկնաբանել, թե ինչպես կարող է անդրադառնալ ՀՀ տնտեսության վրա ԱՄՆ նախագահի հրամանագիրը, որով սառեցվել են արտաքին օգնության ֆինանսավորումները՝ նշելով, որ ծրագրերի մասշտաբներին տեղյակ չէ։

Կենտրոնական բանկը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով նվազեցնելու վերաբերյալ։ Փոփոխությունն ընդունվել է փետրվարի 4-ին տեղի ունեցած խորհրդի նիստի ընթացքում, որի արդյունքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 6.75%։

ԿԲ-ն 0.25 տոկոսային կետով վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել էր նաև դեկտեմբերի 10-ին։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---