Աբրահամյան․ Ստեղծված վիճակը արցախցիներից շատերին կստիպի մտածել արտագնա աշխատանքի և հայրենիքից հեռանալու մասին

Աբրահամյան․ Ստեղծված վիճակը արցախցիներից շատերին կստիպի մտածել արտագնա աշխատանքի և հայրենիքից հեռանալու մասին

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արցախցիների համար նախատեսված սոցիալական հատկացումներն առաջիկայում փոփոխություններ են կրելու` կրճատվելու տեսքով, ինչը մարդկանց մոտ բավականին մեծ անհանգստություններ է ստեղծել։

Ըստ նրա՝ ստեղծված վիճակը արցախցիներից շատերին կստիպի մտածել արտագնա աշխատանքի և հայրենիքից հեռանալու մասին։

«Հասկանալի է, որ պետությունը չի կարող անվերջ սոցիալական մեծ ներարկումներ անել, սակայն արցախցիների տապալված բնակարանային ծրագիրն ու ժամկետային առումով անբավարար սոցիալական հատկացումները մեծ խնդիրներ են առաջացնելու:

Կառավարությունը պարտավոր է այս փուլում ևս կարիքների վերագնահատում անել և վերանայել իր «տապոռային» մոտեցումը ու դեռ որոշակի ժամանակահատված շարունակելու սոցիալական աջակցության ծրագրերը:

Հակառակ դեպքում, առաջիկա գարնանը, ստեղծված իրավիճակը, շատերին կստիպի մտածելու արտագնա աշխատանքի և սեփական հայրենիքից հեռանալու մասին»,–ասվում է գրառման մեջ։

Մինչև 2025–ի մարտ ամիսը ներառյալ շարունակվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության միջոցառումը՝ որոշակի բացառություններով: Մասնավորապես՝ հունվար ամսից 10 հազար դրամ աջակցության բաղադրիչը դուրս է եկել և միայն 50 հազար դրամ ստացողներն են ընդգրկվել վճարման ցուցակներում: Խոսքը մոտ 97 հազար շահառուի մասին է: Ապրիլ ամսից սկսած՝ աջակցությունն արդեն ուղղվելու է առանձին խմբերի։

 Ուշագրավ
---