Առաջարկ. Բարձրացնել շահումով խաղերի ոլորտում հարկային բեռը![]() 5 փետրվարի 2025 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի ոլորտի կազմակերպությունների հարկային բեռը:Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը նա ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում: Նա ասել է, որ վերջին 13 տարում ահագնացող տեմպերով աճում է վերոնշյալ կազմակերպությունների շրջանառության ծավալը, հայտնում է Արմենպրեսը։ «Եթե 2010թ ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալը կազմում էր մոտ 14 մլրդ դրամ, ապա 2023թ այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 6.3 տրիլիոն դրամի (խմբ.–միայն քաղաքացիների կողմից մուտքագրված գումարը չէ, ընդհանուր շրջանառության ծավալն է): Մինչդեռ հավաքագրվող հարկերն ու տուրքերն աճել են ընդամենը 26 անգամ: 2010թ 14 մլրդ դրամի շրջանառությունից հավաքագրվել է մոտ 1 մլրդ դրամի հարկ կամ ծավալի 7.2 տոկոսը: 2023-ին 6.3 տրլն դրամ շրջանառությունից հավաքագրվել է 33 մլրդ դրամ հարկ կամ ծավալի 0.5 տոկոսը: Շրջանառության ծավալի և վճարած հարկերի հարաբերակցությունը նվազել է ավելի քան 14 անգամ»,–ասել է Սարգսյանը: Պատգամավորը հիշեցրել է, որ վերջին 5 տարիներին կատարվել են մի շարք փոփոխություններ՝ նպատակ ունենալով խաղային ոլորտը սահմանափակելուն ու հարկային բեռը բարձրացնելուն: Սակայն վիճակագրությունը, ըստ Սարգսյանի, ցույց է տալիս, որ ձեռնարկված քայլերը բավարար չեն։ «Նախագծով առաջարկվում է առկա հարկերից ու տուրքերից բացի ոլորտի համար նախատեսել 10 տոկոս շրջանառության հարկ»,–ասել է Սարգսյանը: Նրա խոսքով՝ միջազգային փորձը ևս ցույց է տալիս, որ բազմաթիվ երկրներում ոլորտի համար նախատեսված է 10 տոկոս և ավելի շրջանառության հարկ: Օրինակ՝ Վրաստանում՝ 10 տոկոս, Ավստրիայում՝ 15 տոկոս, Գերմանիայում՝ 5–20 տոկոս, Իտալիայում՝ 20–22 տոկոս, Լեհաստանում՝ 12 տոկոս, Ֆրանսիայում՝ 8–10 տոկոս և այլն: Այս տեսքով նախագծի ընդունման պարագայում մոտ 100 մլրդ դրամ տարեկան ավել եկամուտ է ապահովվելու պետական բյուջե: Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ շրջանառության հարկը ոլորտի կազմակերպությունների համար պետք է լինի առնվազն 20 տոկոս: Հայկ Սարգսյանն ասաց, որ հրավիրում է ոլորտի 4 ընկերություններին տնտեսական հարցերի հանձնաժողով, որ ներկայացնեն իրենց շահույթը, ծախսերն ու հիմնավորեն դա: Եթե քննարկումների ընթացքում հասկանան, որ կարող են բեռը դարձնել 20 տոկոս, ապա պատգամավորը պատրաստ է ընդունել առաջարկն ու շրջանառության հարկը դարձնել 20 տոկոս ոլորտի կազմակերպությունների համար:Կառավարությունը նախագծին կողմ է: Սակայն պատգամավորի խոսքով՝ քննարկումների ժամանակ Ֆինանսների նախարարությունը նպատակահարմար չի համարել հարկերը բարձրացնելը, քանի որ վերջին տարիներին մշտապես բարձրացրել են հարկերը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |