Դեսպան․ Ֆրանսիան սատարում է ԼՂ-ի հայերին և նրանց ընդունած Հայաստանին

Դեսպան․ Ֆրանսիան սատարում է ԼՂ-ի հայերին և նրանց ընդունած Հայաստանին

PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին նշել է, որ Ֆրանսիայի տեղական իշխանությունները սատարում են Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին և նրանց ընդունած Հայաստանին։ Այդ մասին դեսպանը գրել է X-ի միկրոբլոգում։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Արմավիրի մարզպետին՝ մարզում ապաստանած արցախահայերի իրավիճակի վերաբերյալ քննարկման համար։

«Շնորհակալություն Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանին ու նրա թիմին` Ֆրանսիայի տեղական իշխանությունների պատվիրակության հետ մարզում հաստատված 10,000 փախստականների իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակման համար»,- գրել է դեսպանը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
---