ՔՊ-ական. ՀՀ տարածքով անցնող ցանկացած բեռ պետք է մի որոշակի վերահսկողության ենթարկվի

ՔՊ-ական. ՀՀ տարածքով անցնող ցանկացած բեռ պետք է մի որոշակի վերահսկողության ենթարկվի

PanARMENIAN.Net - ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե կոմունիկացիաները բացվելու դեպքում ադրբեջանական բեռները ստուգվելո՞ւ են, թե ոչ, ասել է, որ ՀՀ տարածքով անցնող ցանկացած բեռի պարունակության և բովանդակության վերաբերյալ երկրի իրավասու մարմինները պետք է տեղեկացված լինեն։

Նույն հարցին անդրադառնալով՝ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը ևս ընդգծել է, որ ՀՀ տարածքով անցնող ցանկացած բեռ պետք է «մի որոշակի վերահսկողության ենթարկվի»։

«Թե ինչ տեխնիկական միջոցներով է դա ՀՀ իրավասու մարմինն իրականացնելու և որ մարմինն է իրականացնելու՝ այս պահին քննարկվում է։ Այդ տեխնիկական հարցերը քննարկման սեղանին են»,- նշել է Հովհաննիսյանը, գրում է Aysor.am-ը։

Լրագրողի հարցին, թե ադրբեջանական բեռների հնարավոր մուտքի դեպքում դրանք կանցնե՞ն ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցների ստուգումը, Հովհաննիսյանը պատասխանել է, որ բանակցություններ են ընթանում։

«Այս պահին այդ հարցին նպատակահարմար չեմ համարում պատասխանել, որովհետև բանակցություններ են ընթանում»,–ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31–ի ասուլիսում հայտարարել էր, որ Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանը հստակ առաջարկներ է արել Ադրբեջանին եւ սպասում է դրանց պատասխանին։ Ըստ նրա՝ էժան և իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղիով Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ տարբերակն է։ Նա նաև առաջարկել է երկաթուղային հաղորդակցություն Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հակառակ ուղղությամբ։

 Ուշագրավ
---